Բաժիններ՝

Հայաստանում հայտնաբերվել է մ.թ.ա. 8-7-րդ հազարամյակներին թվագրվող եզակի հնավայր

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը, նույն ինստիտուտի գիտաշխատող Արթուր Պետրոսյանն ու Ճապոնիայի Տոկայի համալսարանի դոկտոր Մակոտո Արիմուրայն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ամփոփեցին հնագիտական աշխատանքների վերջին արդյունքները, ներկայացրեցին նաև 2018 թվականի ծրագրերը:

Անցնող 2017 թվականին ՀՀ տարբեր մարզերում համապատասխան տարածքների հուշարձաններում պեղումներ կազմակերպելու համար 39 արշավախումբ է կազմակերպվել, որոնցից 16-ը եղել են համատեղ՝ այլ երկրների գիտական կենտրոնների հետ: Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղի հարևանությամբ հնագետները նոր բացահայտում են արել՝ Լեռնագոգ-1 հնավայրում բացահայտելով տարածք, որը թվագրվում է՝ Ք.ա. 8-րդ հազարամյակի վերջ, 7-րդ հազարամյակի սկիզբ. «Անցյալ տարվա գխավոր երեք ձեռքբերումներից կառանձնացնեմ Արմավիրի մարզում գտնվող Լեռնագոգ-1 հնավայրի պեղումների արդյունքները: Առաջին անգամ այս տարածաշրջանում արձանագրել ենք ստացիոնար բնակատեղի, որի ստորին շերտերը թվագրվում են Քրիստոսից առաջ 8-7-րդ հազարամյակներով: Բանը նրանում է, որ մինչ այդ Հայաստանի տարածքի ամենահին բնակատեղիների հնագույն շերտերը, առավելագույնը, որ կարողանում էինք թվագրել՝ Քրիստոսից առաջ 6-րդ հազարամյակի առաջին քառորդն էր»:

Անդրադառնալով նաև Ակնաշեն հնավայրին, Մասիս Բլուրին, բանախոսն ընդգծում է՝ բոլոր հնավայրերը թվագրվում են 6-րդ հազարամյակի առաջին քառորդին:

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Արթուր Պետրոսյանն իր խոսքում նշում է.

«Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ բնակատեղիում ապրող հասարակությունը տիրապետել է որոշակի ճարտարապետական հմտությունների, այդ հատվածում գտնվել են նաև կավից շինության հետքեր: Այսինքն` կարող ենք ասել, որ 8-րդ հազարամյակում մարդիկ տիրապետում էին կավի ճարտարապետությանը: Հնավայրում հայտնաբերված իրերի ուսումնասիրությունը նույն ժամանակաշրջանի թվագրում է ունեցել»:

Ճապոնիայի Տոկայի համալսարանի դոկտոր Մակոտո Արիմուրայը տարիներ առաջ է Հայաստան եկել: Մինչ այդ աշխատել է Կենտրոնական Ասիայի, Մերձավոր Արևելքի տարբեր երկրներում: Նրա հետաքրքրությունների շրջանակում են նեոլիթական հարցերը:

«Մերձավոր Արևելքը, Կովկասը նեոլիթական մշակույթի առանցքային մասն են: Սիրիայում, Իրաքում, Թուրքիայում այդ ժամանակաշրջանի հուշարձաններ շատ կան, բայց մենք քիչ տեղեկություններ ունենք Կովկասի մասին: Մինչ այժմ եղած հուշարձանները 6-րդ հազարամյակով էին թվագրվում, դրանից ավելի վաղ շրջանի մասին տեղեկություն չունեինք: Ահա այս ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ Հայաստանում կա ավելի վաղ ժամանակաշրջանի բնակատեղի, որտեղ մարդիկ ապրել են, ստեղծել: Ինձ համար անակնկալ էր, որ ճարտարապետություն հայտնաբերվեց: Կովկասում այդ ժամանակաշրջանի համար ճարտարապետություն հայտնաբերելն առաջին անգամ էր: Նշանակում է՝ մարդիկ մինչև 6-րդ հազարամյակը կառուցում էին»,- ասաց ճապոնացի հնագետը:

Անդրադառանալով նաև «Հյուսիս-Հարավ» ճանապարհի վրա ընկած հուշարձանների թեմային՝ Պավել Ավետիսյանն ընդգծում է՝ Թալինից մինչև Լանջիկ ընկած հատվածում չկա հուշարձան, որ կմնա ճանապարհի տակ:

Ասուլիսի ընթացքում Պ. Ավետիսյանը հայտնեց նաև՝ 2018-ին սկսում ենք ամառային դպրոցների ստեղծման դասընթաց, և, ամենայն հավանականությամբ, Լոս Անջելեսի համալսարանի հետ համատեղ՝ ամառային դպրոց կկազմակերպվի Մասիս Բլուրում, որին կմասնակցեն ինչպես՝ հայաստանյան բուհերի, այնպես էլ՝ ամերիկացի ուսանողներ ու ասպիրանտներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս