Թունիսում ձերբակալել են բողոքի ակցիաների գրեթե 800 մասնակիցների
Թունիսում ոստիկանությունը բողոքի զանգվածային ակցիաների ընթացքում, որոնք շարունակվում են շաբաթվա սկզբից, ձերբակալել է շուրջ 780 մարդու: Այդ մասին հայտնել են զանգվածային լրատվամիջոցները՝ վկայակոչելով երկրի ՆԳ նախարարությանը:
Կառավարության կողմից ձեռնարկված խիստ խնայողության միջոցների դեմ զանգվածային բողոքները, որոնք ուղեկցվում են անկարգություններով եւ ոստիկանության հետ բախումներով, Թունիսի մի շարք խոշոր քաղաքներում շարունակվում են հունվարի 8-ի գիշերվանից:
Բողոքի ակցիաների մասնակիցները ոստիկանների վրա նետում են քարեր, ճայթռուկներ եւ հրկիզիչ խառնուրդով շշեր, ինչպես նաեւ հրկիզում ավտոմեքենաներ ու ավերում խանութների ցուցափեղկերը: Ցուցարարներին ցրելու համար կարգի պահապաններն արցունքաբեր գազ են կիրառում:
Ըստ վերջին տվյալների, բողոքի ակցիաների ընթացքում զոհվել է մեկ մարդ, նաեւ տուժել են ոստիկանության գրեթե 50 աշխատակիցներ:
Ցուցարարները կառավարությունից պահանջում են հրաժարվել 2018 թվականի բյուջեից, որն ընդդիմադիր խմբերը որակում են անարդարացի: Նրանք նաեւ հանդես են գալիս նվազ ապահովված ընտանիքների համար ավելի բարձր սոցիալական նպաստներ սահմանելու օգտին: Բացի այդ, նոր տարում երկրում աճել են մի շարք ապրանքների գներ, ինչը նույնպես հարուցել է քաղաքացիների դժգոհությունը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: