Լավրովը և Զարիֆը քննարկել են Սիրիայի իրադրությունը Ազգային երկխոսության կոնգրեսի նախաշեմին
ՌԴ-ի եւ Իրանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը եւ Մոհամադ Ջավադ Զարիֆը հունվարի 12-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Սիրիայի իրադրությունը Ազգային երկխոսության կոնգրեսի նախաշեմին, որը, ինչպես սպասվում է, անցկացվելու է Սոչիում: Այդ մասին հաղորդվում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության կայքում:
«Հունվարի տասներկուսին տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի եւ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հեռախոսազրույցը»,-ասված է հաղորդագրության մեջ:
«Սոչիում կայանալիք Սիրիական ազգային երկխոսության կոնգրեսի նախաշեմին շարունակվել է Սիրիայում ստեղծված իրադրության շուրջ կարծիքների փոխանակությունը՝ ՄԱԿ-ի հովանու ներքո ԱԽ-ի 2254 բանաձեւի հիման վրա այս երկրում քաղաքական կարգավորման ուղիներ գտնելու շեշտադրմամբ»,-նշվում է փաստաթղթում:
Սիրիական ազգային երկխոսության կոնգրեսը հունվարի 29-30-ին տեղի կունենա Սոչիում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: