Բաժիններ՝

Սուրբ Սարգիս զորավարի տոնը կնշվի հունվարի 27-ին

Այս տարի Սուրբ Սարգիս զորավարի տոնը, որը հայության մեջ համարվում է որպես երիտասարդության և սիրո օրհնության տոն, կնշվի հունվարի 27-ին:

Այս մասին «Ացախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ստեփանակերտի Ս. Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ տեր Մինաս քահանա Մովսիսյանը՝ նշելով, որ սուրբ Սարգիս զորավարը համարվում է երիտասարդ զույգերի և սիրահարների բարեխոսը։

«Սուրբ Սարգիս զորավարը կարգված է համաքրիստոնեական աշխարհի սրբերի դասին։ Ս. Սարգիսը զբաղվել է քրիստոնեության քարոզչությամբ և եկեղեցաշինությամբ։ Ավանդազրույցի համաձայն՝ նա իր որդու՝ Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի: Ս. Սարգսի պաշտամունքը Հայաստանում տարածվել է դեռևս 5-րդ դարից, երբ Մեսրոպ Մաշտոցը Ս. Սարգսի մասունքներն ամփոփել է Կարբի ավանում և տեղում հիմնել Ուշիի Սուրբ Սարգիս եկեղեցին և համանուն վանքը։ Հատկանշական է, որ Տեկորի տաճարը կրում է «Սուրբ Սարգիսի վկայարան» անվանումը»,-մասնավորապես ասել է տեր Մինաս քահանա Մովսիսյանը։

Ըստ մեր զրուցակցի՝ Սուրբ Սարգսի տոնը հայերը նշում են ոչ միայն եկեղեցական ծեսով և աղոթքներով, այլև ժողովրդական ավանդույթներով։

«Սուրբ Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդ աղջիկներն աղի բլիթ են ուտում և ակնկալում՝ երազում տեսնել իրենց ապագա փեսացուին, ում տված ջուրը կհագեցնի իրենց ծարավը։ Ընդունված է եղել նաև տան տանիքին կամ պատշգամբում ամանով փոխինձ դնել և սպասել, որ երբ Ս. Սարգիսը անցնի, այնտեղ կթողնի իր ձիու պայտի հետքերը։ Իսկ այդպիսի մարդկանց, ըստ ավանդության, սպասվում է մեծ հաջողություն»,-ասել է քահանա Մովսիսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս