Թուրքերի 40 %-ը վարձով է ապրում
Թուրքիայի բնակչության գրեթե 40 տոկոսը վարձով է ապրում։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Aydınlık» թերթի կայքը։
Համապատասխանաբար, Թուրքիայում սեփական տունը կամ բնակարանն ունի բնակչության շուրջ 60 տոկոսը։ Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի 47 երկրների ցանկում 41-րդ հորիզոնականում է։
Թուրքիայի վիճակագրական ընկերության (TÜİK) տվյալների համաձայն՝ երկրում բնակվում է 19 մլն 481 հազար ընտանիք, որոնց անդամների միջին քանակը 3․8 է։ Համեմատության համար նշենք, որ ընդամենը մի քանի տարի առաջ այդ թիվը Թուրքիայի համար 5 էր։ Իսկ ներկայումս եվրոպական երկրների համար այս ցուցնիշը 2․5 է։
«TÜİK»-ի տվյալների համաձայն՝ 2016թ․ Թուրքիայում ամուսնացել է 594․000 զույգ, իսկ ամուսնալուծությունների թիվը նույն ժամանակահատվածում կազմել է 126․000։
Գյուղերից դեպի քաղաքներ անդադար շարունակվող բնակչության հոսքի հետևանքով Ուրբանիզացիայի մակարդակը հասել է 78 տոկոսի, որը ներառում է բնակչության շուրջ 60 միլիոնանոց հատվածը։ Ըստ կանխատեսումների՝ 2023թ․այս ցուցանիշը կգերազանցի 84 տոկոսը՝ ընդգրկելով արդեն 71 միլիոն բնակչություն։
2017թ․ 11 ամիսների ընթացքում Թուրքիայում վաճառվել է 1 մլն 276․342 բնակարան։