Իրավապահների պատերազմ. անպատժելիության շան գլուխներից մեկը. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի Քննչական կոմիտեն, որը հիշեցնենք, ղեկավարում է երկարամյա գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, հունվարի 11-ին հայտարարություն էր տարածել Հայաստանում հանրային աղմկոտ ուշադրության կենտրոնում հայտնված խնդրի վերաբերյալ:
Խոսքը այսպես կոչված Ճըվճըվ Արոյի որդիների մասին է, որոնցից մեկը՝ Սաքուլիկ անվանյալ, հունվարի 8-ի լուսադեմին մեծ արագությամբ մխրճվել էր ծառայություն իրականացնող ՃՈ մեքենայի մեջ, դառնալով երկու ոստիկանի մահվան պատճառ:
Սաքուլիկը, ինչպես նաեւ նրա եղբայր Սերժուլիկը, ինչպես նշվում է մամուլում, նախկինում բազմաթիվ անգամներ հայտնվել են համանման եւ այլ աղմկոտ, քրեական պատմություններում, սակայն գրեթե միշտ մնալով անպատիժ:
Ընդ որում, ողբերգական վերջին դեպքից հետո հանրության շրջանում ակտիվ շրջանառվեց այն, որ նրանց անպատժելիության, այսպես ասած, հովանավորը նրանց պապն է՝ «Տրանսգազ» ընկերության ղեկավար Նիկոլայ Գրիգորյանը:
Ողբերգական վերջին դեպքից հետո հասարակությունը դարձյալ հիշեց ու բարձրաձայնեց անպատժելիության մթնոլորտի խնդիրը, ասելով, որ եթե Հայաստանում գործեր օրենքն ու արդարադատությունը, ապա քրեական հեղինակության այդ որդիները վաղուց պետք է լինեին պատժված, եւ ըստ էության այլեւս չէին կարող դառնալ նորանոր աղմկոտ պատմությունների եւ ողբերգությունների պատճառ:
Եվ այս հանգամանքը դարձավ իրավապահներին ուղղված հարցադրումների պատճառ, թե ոստիկանությանը, թե Քննչական կոմիտեին:
Ընդ որում, այս օրերին իրադարձությունները սկսեցին ծավալվել նաեւ տեղեկատվական պատերազմի տրամաբանությամբ, բոլոր կողմերի միջեւ՝ փոխադարձ մեղադրանքներով: Եվ ահա, երեկ դրանց է միանում Քննչական կոմիտեն, պաշտոնապես հայտարարելով, թե անպատժելիության մասով իրեն ուղղված մեղադրանքները անհիմն են: Քննչական կոմիտեն իր հայտարարության այսպես ասած ենթատեքստում ակնարկում է ոստիկանությանը, որի պաշտոնյաներն այս օրերին հայտարարում էին, որ անպատժելիության հարցադրումները իրենց ուղղված չպետք է լինեն, քանի որ իրենք միշտ էլ արել են իրենց հասանելիքը, մասնավորապես այդ եղբայրների մասով:
Ըստ ամենայնի, Քննչական կոմիտեն այդ հայտարարություններում տեսել է ակնարկ ուղղված իրեն, որ իր գործը չի արել հենց կոմիտեն: Եվ այժմ ահա հնչում է պատասխանը, առավել եւս, որ սոցցանցերում եւ մամուլի միջոցներում եղել են նաեւ ՔԿ-ին ուղղված շատ հասցեական եւ կոնկրետ մեղադրանքներ:
Այս ամենում իհարկե հատկանշական է խորքային երեւույթն ինքնին, երբ Հայաստանում իրավապահ կառույցների միջեւ կարող է ծավալվել այդօրինակ տեղեկատվական պատերազմ:
Այն, որ պետական կառույցները կարող են լինել գերատեսչական շահերի բախման մեջ, երեւի թե բնականոն երեւույթ է բոլոր երկրների կառավարման համակարգերում, սակայն, որ կարող է լինել փոխադարձ տեղեկատվական բաց կամ քողարկված պատերազմ, անպատժելիության համար փոխադարձ մեղադրանքներով, սա իհարկե վկայում է խորքային արատների եւ խնդիրների մասին:
Ու թերեւս հենց դա է նաեւ Հայաստանում իրավականութան ճգնաժամի եւ անպատժելիության մթնոլորտի իհարկե ոչ միակ կամ հիմնական, սակայն առանցքային պատճառներից մեկը, երբ իրավապահ համակարգը գործում է ոչ թե համադրված, սահուն, փոխլրացնելով իրար, այլ միմյաց մեղադրելով եւ պատասխանատվությունը միմյանց վրա դնելով:
Եվ այստեղ իհարկե խնդիրը այն չէ, թե ով է ճիշտ կամ սխալ, այլ այն, թե ով պետք է վերջ տա այդ իրավիճակին եւ ինչպես:
Ու թերեւս ակնհայտ է, որ խնդրի լուծումն անձերի դաշտում չէ՝ Վովա Գասպարյանի կամ Աղվան Հովսեփյանի, այլ թերեւս կառուցվածքի, երբ իբրեւ շահերի բախման միջոցով արդյունավետության հասնելու համար կատարված փոփոխությունները հանգեցրին ընդամենը պատասխանատվությունը միմյանց վրա գցելու եւ տեղեկատվական պատերազմի, էլ ավելի խորացնելով անպատժելիությունը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: