«Ռուսաստանի դեմ սահմանվող պատժամիջոցների հնարավոր ազդեցությանը պետք է պատրաստ լինի նաև Հայաստանը». Լուկիանով

«Երկրում աննկատ կերպով աշխարհակարգ է փոխվում»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ռուսական «Վալդայ» ակումբի ղեկավար կազմի անդամ, ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահ Թրամփի վերջին ամիսների քաղաքականությանը ու սպասվող նոր հակառուսական պատժամիջոցների ազդեցությանը:

Ֆյոդոր Լուկիանովն ասաց, որ գերտերությունների քաղաքականության հետևանքով երկրում աննկատ կերպով աշխարհակարգ է փոխվում, ի դեպ, դա տեղի է ունենում առանց խոշոր պատերազմների ու աղետների, ինչպես նախկինում է եղել:

Նրա որակմամբ՝ ժամանակները փոխվել են, պայքարի մեթոդներն ու գործիքները՝ ևս:

«Անցյալ տարեվերջին ԱՄՆ-ի հրապարակած Ազգային անվտանգության ռազմավարության տեքստից պարզ դարձավ, որ այս տարի ռուս-ամերիկյան հարաբերություններում էլ ավելի լուրջ խնդիրներ են ի հայտ գալու, քանի որ Թրամփի քաղաքականությունը, պարզվում է, որ չունի ռազմավարական գիծ, ավելին, այն քաոտիկ բնույթ է կրում, քանի որ այդ քաղաքականությունն իրացնում է ոչ միայն էքսցենտրիկ Թրամփը, այլև իր թիմը, որը ևս որոշ հակումներ ունի՝ աշխարհը դիտարկել՝ որպես սպառնալիք ԱՄՆ ազգային անվտանգության համար:

Նայեք փաստաթղթին, դրանում ԱՄՆ-ի համար սպառնալիք է Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը: ԱՄՆ-ը դիտարկում է, որ խաղաղություն պետք է պահպանվի ուժի միջոցով: Սրանք անտիկ ժամանակաշրջանի մոտեցումներ են, որոնք վերադարձել են, և այդ ռազմավարության համաձայն՝ Ռուսաստանը, որպես վտանգ, պետք է չեզոքացվի, տնտեսական լրջագույն պատժամիջոցներ պետք է սահմանվեն Ռուսաստանի դեմ, թիրախավորվեն Ռուսաստանի ամենահաջող բիզնես ոլորտները, որոնցից մեկը ռազմաարդյունաբերությունն է, բարձրացվի աշխարհում մրցակցայնությունը»,- նման տեսակետ հայտնեց Լուկիանովը:

Ըստ նրա՝ ռուսական կողմը դրան պատրաստվում է, համապատասխան ենթակառուցվածքներ են ստեղծվում, որոնք պետք է պատժամիջոցների ազդեցության լայնածավալ գնահատումներ սկսեն և փորձեն դրանց հակազդել: Ինչ վերաբերում է ազդեցությանը, ապա, նրա խոսքով՝ ազդեցություն կլինի, այլ հարց է, թե երբ դա կզգա ռուս հասարակությունը և ինչպես:

Նրա խոսքով՝ երբ ռուս հասարակությունը զգա այդ փոփոխությունները, դրանք կհասնեն նաև ԵԱՏՄ-ին, և առանձին՝ ԵԱՏՄ անդամ երկրներին:

«Հիշեք, թե ինչ եղավ նավթի գնանկման ժամանակ նաև Հայաստանում: Հայաստանյան համապատասխան կառույցները ևս պետք է սկսեն աշխատել գնահատում իրականացնելու ուղղությամբ, որպեսզի անակնկալ տնտեսական ցնցումներ երկրում չլինեն, քանի որ Հայաստանը, բացի ԵԱՏՄ անդամակցությունից, բոլոր ոլորտներում շատ կապված է Ռուսաստանին»,- ասաց Լուկիանովը:

Տեսանյութեր

Լրահոս