Պոլսո Հայոց պատրիարքարանում սուրբծննդյան պատարագի ընդունելությունն անցել է լարված մթնոլորտում
Պոլսո Հայոց պատրիարքարանում սուրբծննդյան տոնին նվիրված ընդունելության ժամանակ պատրիարքի ընտրության հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է «Ակոս» պարբերականը:
Պատրիարքական տեղապահ ընտրված Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի նախագահությամբ հրավիրված ընդունելությանը ներկա են եղել մեջլիսի հայ պատգամավորներ Սելինա Դողանը և Գարո Փայլանը, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արսեն Ավագյանը, Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի հիմնադրամի ղեկավար Պետրոս Շիրինօղլուն, համայնքի այլ ներկայացուցիչներ:
Ընդունելության ժամանակ Օրաթքյոյի Սուրբ Մարիամ Աստվածածին հայկական եկեղեցու հիմնադրամի նախագահ Իսքենդեր Շահինգյոզը ցավալի է համարել վերջին շրջանում Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի և տեղապահ Բեքչյանի կողմից հնչեցված հայտարարությունները: «Մամուլում մեր երկու եպիսկոպոսների հնչեցրած հայտարարությունները մեծ ցավով ենք կարդում: Մեկը մյուսի հանդեպ նմանօրինակ մեղադրանքները վնասում են համայնքին և խայտառակում են մեզ: Եկեղեցի հաճախող մարդկանց թիվը նվազել է և դա ձեր՝ հոգևորականների պատճառով: Հոգևորականներն անհապաղ պետք է լուծեն այս խնդիրը»,- ասել է նա:
Ի պատասխան նման հայտարարության՝ Բեքչյանը նշել է. «Հայաստանում տեղի են ունեցել իրադարձություններ, որոնցից ես անտեղյակ էի: Անհրաժեշտ էր, որ մենք պատրիարքարանի պաշտոնական կայքում դեպքի մասին հայտարարություն անեինք և արեցինք»:
Գեդիքփաշայի Սուրբ Հովհաննես եկեղեցու հիմնադրամի նախագահ Հարություն Շանլըն էլ ընդգծել է, որ հոգևորականները մեկը մյուսի վերաբերյալ բողոքներ հնչեցնելու փոխարեն պետք է միավորող դեր կատարեն: «Պետք է հարգանք ցուցաբերել տեղապահի պաշտոնի նկատմամբ: Արդեն ժամանակն է, որ սպիտակ էջ բացենք և մոռանանք անցյալը: Մեր հոգևորականները պետք է օգտագործեն միավորելու իրենց ունակություններն ու միավորեն համայնքը: Չենք կարող մեկս մյուսի վրա գոռալ, անարգանքի մեջ մեղադրել: Բոլորը պատիվ ունեն: Ոչ ոք չի կարող այս համայնքը ոտքի տակ առնել»,- ասել է նա:
Շանլըն անդրադարձել է նաև 2017 թվականի հուլիսին Հայաստանում Աթեշյանի հնչեցրած հայտարարությանը, որում նա հայկական համայնքի որոշ անդամների «անկիրթ» էր անվանել՝ խստորեն քննադատելով հոգևորականներին նման պահվածքի համար:
Ի պատասխան նման հայտարարության՝ Աթեշյանը բարձրաձայն պատասխանել է Հարություն Շանլըին՝ մեղադրելով նրան համայնքը մասնատելու մեջ:
Ընդունելության ընթացքում առաջացած որոշակի լարված մթնոլորտից հետո խոսքի իրավունքից է օգտվել Սահակ եպիսկոպոս Մաշալյանը, ով ընդգծել է, որ քանի դեռ պատրիարքի ընտրության հարցում անորոշություն է տիրում, քննարկումները շարունակվելու են:
Ընդունելությունն ավարտվել է աղոթքով: