Առանց թույլտվության հրավառություն իրականացնելու համար 1 միլիոն դրամ տուգանք կսահմանվի, 2-րդ խախտման դեպքում` 2 միլիոն դրամ
Երևանում առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պահանջների խախտմամբ հրավառություն իրականացնողները կենթարկվեն ֆինանսական տուգանքի: Կառավարությունը հավանություն տվեց համապատասխան օրենսդրական նախագծերի փաթեթին, որով սահմանվում է, որ հրավառությունների իրականացման թույլատրելի վայրերը, դրանց ներկայացող պահանջները և պայմանները սահմանում է համայնքի ավագանին:
«Առաջին անգամ խախտում թույլ տված ֆիզիկական և իրավաբանական անձը կտուգանվի 1 միլիոն դրամով, երկրորդ անգամ 2 և այլն»,- Տարոն Մարգարյանը՝ ավելացնելով, որ փաթեթի ընդունմամբ կսահմանվի հրավառություն հասկացությունը, հրագործական նյութերի օգտագործման, ինչպես նաև հրավառությունների իրականացման համար կսահմանվի լիազոր պետական մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հսկողության իրականացման համար անհրաժեշտ իրավակարգավորումներ:
Քաղաքապետն ընդգծեց, որ խնդրի վերաբերյալ բազմաթիվ բողոքներ և ահազանգեր են ստացվում քաղաքացիներից:
«Երևան քաղաքի և հանրապետության այլ վարչատարածքային միավորների տարածքներում կազմակերպվող հրավառությունները ոչ միայն խանգարում են բնակչության հանգիստը, այլև առաջացնում են բազմաթիվ հրդեհներ և այլ արտակարգ իրավիճակներ: Կանոնակարգված չեն հրավառությունների անցկացման վայրերի, ժամերի, հրավառությունների կազմակերպման թույլտվությունների անցկացման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև թույլտվությունների համար տեղական տուրքերի չափերը: Քաղաքացիների կողմից ներկայացվում են բազմաթիվ դիմումներ կապված ուշ ժամերին հրավառություններ իրականացնելու մասին, ինչի արդյունքում խախտվում է բնակիչների հանգիստը»,- ասված է հիմնավորման մեջ: