«Հանգստի և ժամանցի նոր կենտրոնն իր տեսակով լինելու է առաջինը տարածաշրջանում». Տարոն Մարգարյան
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը վստահեցնում է, որ Մոնթե Մելքոնյան փողոցին հարակից տարածքում «Պարկ Գրուպ» ընկերության կողմից ստեղծվելիք մանկական, երիտասարդական, ընտանեկան հանգստի և ժամանցի կենտրոնը լինելու է եվրոպական չափանիշներին համապատասխան և իր տեսակով առաջինը տարածաշրջանում: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում քաղաքապետն ասաց, որ տեխնիկական հարցերն առաջիկա երեք ամիսների ընթացքում լուծելուց հետո կմեկնարկեն շինաշխատանքները:
«27 հեկտար տարածքի 70 տոկոսը լինելու է կանաչ տարածքներ, հիմնական շինությունները՝ կոնստրուկցիոն: Համոզված եմ, որ կենտրոնը Երևանում կստեղծի գեղեցիկ նոր միջավայր, որը գրավիչ կլինի նաև զբոսաշրջիկների համար: Այն տարածքը, որտեղ հիմնվելու է կենտրոնը, ներկայում ամբողջությամբ ամայի է»,- ասաց Մարգարյանը՝ ավելացնելով, որ ծրագիրն ավարտին է հասցվելու հինգ տարվա ընթացքում:
Նշված 27 հեկտար տարածքն այժմ համարվում է անտառային գոտի, սակայն նպատակային նշանակությամբ չի օգտագործվում: Ներդրումային ծրագրի իրականացմամբ նախատեսված է տարածքի 70 տոկոսը կանաչապատել՝ տնկելով ավելի քան 2000 ծառ, ստեղծելով ծաղկազարդ եւ կանաչապատ տարածք: Հողամասի 25-30 տոկոսը պետք է կազմեն ճանապարհները, արահետները, մարզահրապարակները, խաղահրապարակները եւ ջրային մակերեսները, իսկ այցելուների սպասարկման համար նախատեսված ատրակցիոնների եւ կառուցապատման այլ տարրերի զբաղեցրած մակերեսը չպետք է գերազանցի տրամադրված հողամասի 7 տոկոսը:
Ներդրումային ծրագրի համաձայն՝ ժամանցի կենտրոնում կկառուցվի 35 մետր բարձրությամբ պտտվող անիվ, 70 կմ/ժ արագությամբ ընթացող ամերիկյան կոստեր, 60 մետր բարձրությունից ազատ անկման աշտարակ եւ այլն: Կենտրոնում կլինի նաեւ 5000 քմ մակերեսով ծածկված սրահ, որտեղ այցելուները կկարողանան վայելել իրենց ժամանցը վատ եղանակային պայմանների դեպքում:
Կենտրոնի բացման առաջին իսկ տարում նախատեսվում է ավելի քան 300 հազար այցելու: