Քննչական կոմիտեի և ոստիկանության պաշտոնյաները կեղծիքնե՞ր են կատարել
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են քննվում ՀՀ ոստիկանության և ՀՀ քննչական կոմիտեի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու առերևույթ հանցագործությունների առթիվ մի շարք քաղաքացիներից ստացված հաղորդումների հիման վրա:
Այսպես, ՀՀ քննչական կոմիտեում քննված քրեական գործով վկա Ի. Բ.-ն հայտնել է, որ 17.09.2017թ.-ին` դեպքի վայրի զննության ժամանակ, կշռվել է իր կողմից ներկայացված թմրամիջոցի փաթեթը, որի ընդհանուր քաշը կազմել է 3,2 գրամ, սակայն զննությունը կատարած ոստիկանության աշխատակիցն արձանագրությունում մտցրել է կեղծ տեղեկություններ` նշելով, թե, իբր, վերը նշված զանգվածի ընդհանուր քաշը կազմել է 5,1 գրամ: Բացի այդ, Ի. Բ.-ն իր ցուցմունքում նշել է, որ հիշյալ զանգվածը ոստիկանության աշխատակիցները չեն փաթեթավորել ու չեն կնիքել, ինչը հնարավորություն է տվել փաթեթում առկա զանգվածի քաշը հետագայում ավելացնել:
Մեկ այլ քաղաքացի` ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Գ. Պ.-ն, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ իր վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործի նախաքննության ավարտից հետո դատարանում պարզել է, որ հիշյալ վարչության քննիչը գործի նյութերին կցել է կեղծ արձանագրություն այն մասին, թե, իբր, վերջինս 25.05.2017թ.-ին այցելել է ՀՀ ԱՆ «Գորիս» ՔԿՀ և իրեն ծանոթացրել քրեական գործի նյութերին, մինչդեռ իրականում նա նշված օրը հիշյալ ՔԿՀ չի այցելել և իրեն գործի նյութերին չի ծանոթացրել:
Մյուս քրեական գործը հարուցվել է ՀՀ քննչական կոմիտեի քննիչների վարույթում քննվող մեկ այլ քրեական գործով մեղադրյալի հաղորդման հիման վրա: Վերջինս Հատուկ քննչական ծառայությանը հայտնել է, որ քրեական գործը քննող քննիչը նախաքննության ընթացքում իրեն որպես մեղադրյալ հարցաքննելիս արձանագրությունում մտցրել է ակնհայտ կեղծ տեղեկություններ, թե, իբր, առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչել և խնդրել ավելի մեղմ քրեական պատասխանատվության ենթարկել:
ՀՀ ոստիկանության և ՀՀ քննչական կոմիտեի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու վերը նշված դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: