Աքշեների գլխավորած կուսակցությունը Թուրքիայի նախագահական ընտրություններին միայնակ կմասնակցի
Թուրքիայում նոր հիմնված «Լավ» կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեները հայտարարել է, որ 2019 թվականի նախագահական ընտրություններին ընդառաջ մտադիր չեն համագործակցել որևէ այլ քաղաքական ուժի հետ: Այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:
«Նախագահական ընտրություններին մենք կուսակցությունից ենք թեկնածու առաջադրելու: Գործընկերներս իմ թեկնածությունն են ուզում, և ես կողմ եմ դրան»,- ասել է Աքշեները:
Նա ընդգծել է, որ թեպետ չեն ցանկանում համագործակցել որևէ այլ ուժի հետ, սակայն համագործակցության պարագայում դրանք կլինեն Ժողովրդավար կուսակցությունը և «Երջանկություն» կուսակցությունը:
Մերալ Աքշեները նախկինում եղել է «Ազգայնական շարժում» կուսակցության անդամ, զբաղեցրել է Թուրքիայի ներքին գործերի նախարարի, ինչպես նաև մեջլիսի փոխխոսնակի պաշտոնները:
Հեռանալով կուսակցությունից՝ նա հայտարարել էր նոր կուսակցություն հիմնելու մասին: Նրա քաղաքական ուժին միանալու պատրաստակամություն են հայտնել ազգայնական կուսակցության շարքերից հեռացած հարյուրավոր գործիչներ:
Ակնկալվում է, որ 2019 թվականի նախագահական ընտրություններում նա լինելու է Էրդողանի հիմնական հակառակորդը: