Արմեն Բիլյանը հրաժարվել է տեղափոխվել «Դատապարտյալների հիվանդանոց»
2017թ. դեկտեմբերի 21-ին քրեակատարողական վարչությանն ուղղված իր դիմումի մեջ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Արմեն Բիլյանի պաշտպան Ա. Ֆանյանը մասնավորապես նշել է, որ իր պաշտպանյալը 20.12.2017թվականից գտնվում է հացադուլի մեջ` պահանջելով իրեն տեղափոխել «Արմավիր» ՔԿՀ և միջոցներ ձեռնարկել պատշաճ բուժօգնություն ցուցաբերելու ուղղությամբ` հավելելով, որ բազմաթիվ անգամներ դիմումներ է հասցեագրել` կապված իր պաշտպանյալի առողջական վիճակի դինամիկ վատթարացման և նրան անհետաձգելի բուժօգնություն տրամադրելու անհրաժեշտության հետ: Այս մասին հայտնում է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժինը։
Նույնը Ա. Բիլյանի շահերի պաշտպանը բազմիցս, այդ թվում նաև 10.01.2018թ. հայտարարել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդանուր իրավասության դատարանում` մասնավորապես շեշտելով, որ Ա. Բիլյանը խնդրել է իրեն տեղափոխել «Արմավիր» ՔԿՀ պատշաճ բուժօգնություն և բուժզննություն իրականացնելու նպատակով:
Սույն հայտարարությունների կապակցությամբ Քրեակատարողական ծառայությունը բազմիցս տեղեկացրել է, որ Ա. Բիլյանի մոտ չեն ախտորոշվել այնպիսի առողջական խնդիրներ, որոնք համատեղելի չեն «Նուբարաշեն» ՔԿՀ խցային պայմաններում վերջինիս պահվելու հետ, իսկ հացադուլի ողջ ընթացքում նա մշտապես գտնվել է «Նուբարաշեն» ՔԿՀ բուժանձնակազմի հսկողության տակ: Ընդ որում, ծառայության կողմից բազմիցս հայտարարվել է նաև, որ առողջական խնդիրներով պայմանավորված` կալանավորված անձի տեղափոխությունը մեկ հիմնարկից մյուսը հիմնավորված չէ. երկու հիմնարկների` բժշկական օգնություն ցուցաբերելու պայմանները նույնական են, իսկ այն առողջական խնդիրները, որոնք լուծելի չեն քրեակատարողական հիմնարկների բուժմասերում, կարող են լուծվել միայն «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ կամ քաղաքացիական բուժական հաստատություններում: Բացի դրանից, կալանավարված անձ Ա. Բիլյանին, ինչպես նաև իր փաստաբանին բացատրվել է, որ Ա. Բիլյանը կարող է օգտվել ՀՀ կառավարության 26.05.2006թ.-ի թիվ 825-Ն որոշման 1-ին գլխի 9-րդ կետի ընձեռած հնարավորությունից, այն է` «Կալանավորված անձը և դատապարտյալն իրենց հաշվին և իրենց ընտրությամբ պետք է հնարավորություն ունենան օգտվել այլ բժիշկ-մասնագետների ծառայություններից»:
Երեկ` հունվարի 10-ին, դատարանում Ա. Բիլյանի ինքնազգացողության վատացման հետ կապված` վերջիս զննվել է «Նուբարաշեն» ՔԿՀ բժիշկների կողմից և պայմանավորված նրա` տևական ժամանակ հացադուլի մեջ գտնվելու հանգամանքով` վերջինիս առաջարկվել է տեղափոխվել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ն հանդիսանում է ՀՀ-ում գործող միակ բուժական ուղղիչ հիմնարկը, և այդ հիմնարկում տրամադրվող բժշկական օգնության և սպասարկման ծավալներն ու որակը էապես տարբերվում են «Նուբարաշեն» և «Արմավիր» ՔԿՀ-ների բժշկական բաժինների կողմից տրամադրվող բժշկական սպասարկումից: Ա. Բիլյանը հրաժարվել է տեղափոխվել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ և հայտարարել, որ ցանկանում է կալանքը կրել միայն «Արմավիր» ՔԿՀ-ում, և հացադուլից դուրս կգա միայն այնտեղ տեղափոխվելուց հետո: Նշված փաստն արձանագրվել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի վարչակազմի կողմից, ինչի վերաբերյալ առկա է կալանավորված անձ Ա. Բիլյանի ստորագրությունը: Վերոգրյալի մասին տեղեկացվել է նաև Ա. Բիլյանի պաշտպանը:
Ասվածը փաստում է, որ Ա. Բիլյանի` հացադուլ հայտարարելու և իրեն «Արմավիր» ՔԿՀ տեղափոխելու պահանջը հիմնազուրկ է և պայմանավորված չէ իրեն բուժօգնություն տրամադրելու անհրաժեշտությամբ: