Բաժիններ՝

Ստեփանակերտում կազմակերպվելու են համակարգչային ծրագրավորման դասընթացներ

«Ինստիգեյթ Մոբայլ» ընկերությունը «Ինստիգեյթ ուսումնական կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ մարտի 1-ից Ստեփանակերտում կազմակերպելու է «Համակարգչային ծրագրավորում և ինժեներական պրակտիկա» թեմայով դասընթաց:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ծրագրի ղեկավար Աղասի Գրիգորյանն ասել է, որ դասընթացին մասնակցելու համար տարիքային որևէ սահմանափակում չկա, իսկ ընդունելության համար անհրաժեշտ է տրամաբանություն, մաթեմատիկայի բավարար գիտելիքներ, անգլերեն լեզվի իմացություն և տեխնիկական գրականություն կարդալու ունակություն:

«Հետևելով իր ռազմավարությանը՝ «Ինստիգեյթ Մոբայլ» ընկերության նպատակն է մեծացնել ինժեներական ուժը Հայաստանի Հանրապետությունում և Արցախում: Դասընթացը կազմակերպվում է 2 փուլով, որի առաջին փուլը՝ տեսական մասը, սկսվելու է մարտի 1-ին և տևելու է 6-8 ամիս՝ կախված մասնակիցների գիտելիքներից: Արդեն երկրորդ՝ գործնական փուլին կարող են մասնակցել առաջին փուլի լավագույն շրջանավարտները»,- նշել է Ա. Գրիգորյանը և ավելացրել, որ դասընթացն ընդգրկում է համակարգչի կառուցվածքի և օպերացիոն համակարգերի, GNU Linux OS ծրագրի մշակման պրոցեսի եւ գործիքների (XP/SCRUM, QA, vim, svn/git, gcc,…), ինտերպրետացվող/սկրիպտային լեզուների (bash, python), տվյալների կառուցվածքների և ալգորիթմների, օբյեկտ-կողմնորոշման ծրագրավորման հիմունքների և ինտերնետ ծրագրավորման հիմունքների (full stack web development) իմացություն:

Ա. Գրիգորյանի խոսքով՝ դասընթացներն անվճար են, ուսումնառության ամբողջ ընթացքում ուսանողները ստանալու են կրթաթոշակ՝ ամսական 50.000 ՀՀ դրամի չափով (ներառյալ հարկերը)։ Նմանատիպ դասընթաց Ստեփանակերտում կազմակերպվել էր 2 տարի առաջ, և, կախված որակից, այն կարող է շարունակական դառնալ:

Ծրագրի ղեկավարը նշել է, որ դասընթացները ուղեկցվելու են ընթացիկ և ավարտական քննություններով. վերջում ուսանողներին տրվելու են հավաստագրեր: Ուսումնառությունը հաջողությամբ ավարտած ուսանողները շարունակելու են աշխատել «Ինստիգեյթ Մոբայլ» ընկերության Ստեփանակերտի մասնաճյուղում:

Նշենք, որ մասնակցության համար անհրաժեշտ է ուղարկել ռեզյումե PDF ֆորմատով [email protected] էլ․ հասցեին մինչև ս/թ փետրվարի 15-ը։ Մասնակիցների ընտրությունը կատարվելու է գրավոր թեստի և բանավոր հարցազրույցի միջոցով:

Հավելենք, որ դասերը կանցկացվեն «Ինստիգեյթ Մոբայլ» ընկերության Ստեփանակերտի գրասենյակում (հասցեն՝ Թումանյան փող., 74/1 շենք), շաբաթական 5 օր, օրական 4-8 ժամ ծանրաբեռնվածությամբ` կախված խմբից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս