Սեուլը ԿԺԴՀ-ի հետ իր բանակցությունները համաձայնեցնելու է ԱՄՆ-ի հետ
Կորեական թերակղզուն վերաբերող բոլոր հարցերը Սեուլը լուծելու է Միացյալ Նահանգների հետ փոխհամաձայնությամբ: Այդ մասին հայտարարել է Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի շուրջ սառեցված վեցակողմ բանակցություններում Հարավային Կորեայի պատվիրակության ղեկավար Լի Դո Հունը:
Դիվանագետը, որը պատասխանատու է նաեւ թերակղզում խաղաղ փոխանակումների համար, ժամանել է Վաշինգտոն՝ ԱՄՆ-ի ներկայացուցիչներին ծանոթացնելու Կորեայի Հանրապետության եւ ԿԺԴՀ-ի նախարարների միջեւ հունվարի 9-ին կայացած հանդիպման արդյունքներին: «Ես պլանավորում եմ տարաբնույթ քննարկումներ անցկացնել Կորեական թերակղզու խնդրի շուրջ Հարավային Կորեայի եւ ԱՄՆ-ի միջեւ կոորդինացման ամրապնդմանն ուղղված մեր ջանքերի շրջանակներում»,-հայտարարել է նա լրագրողներին:
Նախօրյակին, ինչպես հաղորդել է Սպիտակ տունը, կայացել է Հարավային Կորեայի եւ ԱՄՆ-ի նախագահներ Մուն Չժե Ինի եւ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը: Մուն Չժե Ինը ամերիկացի պաշտոնակցին տեղեկացրել է միջկորեական հանդիպման արդյունքների մասին: Կողմերը նաեւ կարեւորել են ԿԺԴՀ-ի վրա գործադրվող ճնշման շարունակումը, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը: