Բաժիններ՝

Որ երկրներ են այցելել հայերն այս տարի Ամանորին

Արդեն մի քանի տարի է՝ հայերից շատերը Ամանորը նախընտրում են անցկացնել հիմնականում արաբական երկրներում: «Արմենպրես»-ի հետ զրույցում մի շարք տուրիստական գործակալություններ նշեցին, որ հայերի ամենասիրած ուղղությունները, ինչպես վերջին մի քանի տարիներին, շարունակում են մնալ Դուբայն ու Եգիպտոսի հանգստավայրերը: «Նախ դեպի այդ երկրներ կա ուղիղ ավիաչվերթ, այնտեղ տաք է եւ համեմատաբար ավելի մատչելի»,- նշում են տուրօպերատորները:

ԱՄԷ-ին եւ Եգիպտոսին հաջորդում են Թայլանդը, ապա Իտալիան եւ Չեխիան:

Ամանորին արաբական երկրներում հանգիստը մեկ անձի համար սկսվում է 650 դոլարից մինչեւ 900 դոլար: «Գինը կախված է հյուրանոցային պայմաններից, թե քանի անգամյա սնունդ է պարունակում, եւ այլն»,-նշում են տուրիստական գործակալությունները:

Ամանորին Հայաստանից ոչ միայն մեկնել են, այլեւ մեր երկրում նախընտրել են իրենց հանգիստ անցկացնել մի շարք երկրների քաղաքացիներ: Վիճակագրությունը նույնն է, այս տարի ռուսաստանցիները այցերի քանակով գերակշռում են: Երկրորդ տեղում ֆիլիպինցիներն են:

Տուրիստական գործակալությունները նշում են, որ Ռուսաստանի քաղաքացիները մայրաքաղաքում միջինը 23 հազար ռուբլի են ծախսում: Քաղաքից դուրս հանգիստն ավելի թանկ արժե` փաթեթներով պայմանավորված: «Ռուսաստանցիները հիմնականում նախընտրում են հանգիստն անցկացնել Ծաղկաձորում: Հայաստանը օտարերկրյա զբոսաշրջիկներին գրավում է էկոլոգիապես մաքուր սննդով, բնությամբ, մատչելիությամբ: Ռուսաստանցիներ համար նաեւ վիզայի ազատականացման ռեժիմով պայմանավորված Հայաստան մուտք գործելն ավելի հեշտ է դարձել»,- նշեցին ներգնա տուրիզմի մասնագետները:

Հայաստանի ներգնա տուրօպերատորների միության տնօրեն Կարինե Դավոյանի խոսքով` Հայաստանը զբոսաշրջիկների համար գրավիչ է ոչ միայն Ամանորի օրերին: «Նրանք այստեղ ոչ միայն Նոր տարին են նշում, այլեւ ավանդաբար այցելում են թանգարաններ, մշակութային, պատմական տարբեր վայրեր: Այդ օրերին տուրերի մեջ ուղղակի ավելանում է նաեւ ժամանցի գործոնը»,- հավելեց նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս