Թրամփը պատրաստ է զիջել ներգաղթի հարցում
Ներգաղթի կարգավորումն ու ԱՄՆ-ի սահմանների պաշտպանությունը Թրամփի նախընտրական խոստումներն էին: Սակայն առանց դեմոկրատների, այդ խոստումները բարդ կլինի իրականացնել.
«Դեմոկրատների աջակցությունն անհրաժեշտ է, քանի որ սա պետք է լինի համատեղ օրենք՝ սիրով թելադրված օրենք»:
Սպիտակ տանն անցած հանդիպման ընթացքում քննարկվել է անչափահաս տարիքում ԱՄՆ ապօրինի կերպով տեղափոխված ներգաղթյալների ապագան: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:
Թրամփը նաեւ ցանկանում է վերջ դնել ներգաղթային վիզայի՝ գրին քարտի խաղարկությանը: Սակայն, հանդիպման ընթացքում ԱՄՆ-ի նախագահն ազդարարեց փոխզիջման գնալու պատրաստակամության մասին.
«Մեզ պետք է վերջ դնել շղթայված ներգաղթին, որը բազմաթիվ մարդկանց է բերում, ովքեր չեն աշխատում եւ մեզ որեւէ օգուտ չեն տալիս: Կարծում եմ, շատերն ինձ հետ համակարծիք են»:
Թրամփի կողմից որպես «շղթայված ներգաղթ» բնորոշված երեւույթը թույլ է տալիս Միացյալ Նահանգներ ներգաղթած անձանց միավորվել արտերկրում մնացած իրենց ընտանիքների անդամների հետ: Թրամփի հետ հանդիպումից հետո դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեզը հայրարարեց, որ նախագահը պատրաստ է զիջել.
«Կարծում եմ, նախագահը ցանկանում է գործարք կնքել: Այլ հարց է՝ ինչպիսին է այն լինելու, սակայն, այն միանշանակ հնարավոր է»:
Դոնալդ Թրամփին սակայն անհրաժեշտ է միաժամանակ չկորցնել կոշտ մոտեցման կողմնակիցներին, ովքեր հիշեցնում են նրան իր նախընտրական խոստումները, այդ թվում՝ Մեքսիկայի սահմանին պատի կառուցումը, որի նախագիծը դեռ քննարկման փուլում է: