ԱՄՆ-ի Սենատի «Ռուսատանի զեկույցը»
206 էջից բաղկացած ծավալուն նոր զեկույցը փաստացիորեն ներառում է այն միջոցները, որոնք Ռուսաստանն օգտագործել է արտերկրում՝ ընդդեմ ժողովրդավարական արժեքների և ինստիտուտների: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:
ԱՄՆ-ի Սենատի դեմոկրատները չորեքշաբթի օրը զգուշացրել են, որ Ռուսաստանի գործողությունները ԱՄՆ-ի անցած նախագահական ընտրություններին միջամտելուց բացի, նաև այլ հեռահար նպատակներ են հետապնդում: Դեմոկրատները մասնավորապես մեղադրել են Թրամփին այդ սպառնալիքներին չդիմակայելու համար:
Սենատոր Բեն Քարդինի հրապարակած նոր զեկույցը ներկայացնում է` ԱՄՆ-ում և այլ պետություններում ժողովրդավարության արժեքները վարկաբեկելուն և ժողովրդավարական ինստիտուտները խաթարելուն ուղղված Ռուսաստանի ձեռնարկած գործողությունների մանրամասները՝ առաջարկելով դրանց հակազդելու հստակ ռազմավարություն, որի համար հարկավոր կլինի ԱՄՆ-ի նախագահի հաստատումը:
«Փըրլ Հարբորի և սեպտեմբերի 11-ի հարձակումներից հետո ԱՄՆ-ի նախագահները միավորեցին ժողովրդին և աշխարհին, մինչդեռ ԱՄՆ-ի ներկա նախագահը, ով չի էլ ընդունում ժողովրդավարական պետությունների դեմ Պուտինի պատվերով իրականացված բազմակի հարձակումները, հանդես չի գալիս որպես առաջնորդ, որը գիտի ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը սպառնացող ագրեսիային արդյունավետորեն հակազդելու ձեւերը», – հայտարարել է ԱՄՆ-ի դեմոկրատ սենատոր Բեն Քարդինը:
Ամիսներ տևած հետազոտության, խորհրդակցությունների և օտարերկրյա կառավարությունների հետ համատեղ աշխատանքի արդյունքում ծնված 206 էջից բաղկացած ծավալուն զեկույցը փաստացիորեն ներառում է այն միջոցները, որոնք Կրեմլը օգտագործել է իր երկրի սահմաններից դուրս: