Սկանդալային գիրք՝ Դոնալդ Թրամփի նախագահության մասին
«Կրակ ու ցասում Սպիտակ տանը» գիրքն արդեն հռչակվել է որպես 2018-ի առավել սկանդալային գիրքը: Գիրք, որը Դոնալդ Թրամփի կողմնակիցների կարծիքով պարզապես զրպարտություն է, իսկ նախագահի հակառակորդների տեսակետից՝ բացահայտում է նրա մութ գաղտնիքները: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:
Վաճառքի միայն առաջին 3 օրերի ընթացքում ԱՄՆ-ում գնել են «Կրակ ու ցասում» գրքի տպագրված մեկ միլիոն օրինակ, սակայն շատերը նախընտրում են կարդալ գիրքն էլեկտրոնային տեսքով: Գրքի հեղինակ, ամերիկացի հայտնի լրագրող Մայքլ Վուլֆի գլխավոր միտքն է՝ Դոնալդ Թրամփը մասնակցում էր նախագահական ընտրություններին ոչ թե հաղթելու, այլ՝ իր ապրանքանիշի արժեքը բարձրացնելու համար: Հաղթել նա չէր ցանկանում, ուստի, անսպասելի հաղթանակը Թրամփի ընտանիքի եւ թիմի համար ոչ թե ուրախության, այլ՝ մտահոգության առիթ էր:
Հեղինակի խոսքով, գիրքը գրելիս, ինքը զրուցել է Դոնալդ Թրամփի, նրա ընտանիքի եւ թիմի գրեթե բոլոր անդամների, ընդհանուր առմամբ՝ ավելի քան 200 մարդու հետ: Սպիտակ տան աշխատանքները լուսաբանող լրագրողները վկայում են, որ Մայքլ Վուլֆն իրոք ուներ Սպիտակ տան աշխատասենյակներում ներկա լինելու արտոնություններ: Ինքը՝ հեղինակն իր աշխատանքը բնորոշում է պարզ բանաձեւով. «Ես նման էի պատուհանին նստած ճանճի՝ լուռ լսելով եւ գրի առնելով շուրջս տեղի ունեցածը»: Հեղինակի հիմնական աղբյուրներից մեկը՝ Դոնալդ Թրամփի նախկին գլխավոր խորհրդական Սթիվ Բենոնը գրքի շուրջ տեղի ունեցած սկանդալի արդյունքում նույնիսկ զրկվեց «Բրեյթբարտ» աջակողմյան պահպանողական լրատվամիջոցի ղեկավարի իր աշխատանքից:
Գրքի քննադատները մատնանշում են բազմաթիվ մանր փաստացի սխալներ։ Մի դեպքում հեղինակը խոսում է նախաճաշի միասին, որը երբեք տեղի չի ունեցել, մյուս դեպքում՝ շփոթում է երիտասարդ լրագրողին նույն անունն ունեցող ազդեցիկ իրավաբանի հետ: Սակայն, նշում են շատերը, գրքում ստեղծած Թրամփի Սպիտակ տան հիմնական պատկերը մոտ է իրականությանը. Լինելով Նյու Յորքի ձեռնարկատիրական ոգու արտադրանք՝ Դոնալդ Թրամփը փորձեց շարունակել խաղալ Նյու Յորքի կանոններով, իսկ Նյու Յորքում դու կարող ես վաճառել ամեն ինչ, եթե ապրանքիդ վրա բավարար ուշադրություն գրավես: Վաշինգտոնում սակայն այդ գործելաոճը չաշխատեց՝ այստեղ չափազանց մեծ էին պայմանականները եւ չափազանց փոքր՝ անհատական ճանապարհով հաջողության հասնելու հնարավորությունը: Այդ պատճառով, Դոնալդ Թրամփն իր ողջ նախագահական ժամկետը ստիպված է անցկացնել հենց այսպես՝ կրակի ու ցասումի մեջ, եզրակացնում է հեղինակը: