Արամ Ա կաթողիկոսն ընդունել է Զարուհի Փոստանջյանին
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը հունվարի 10-ին Անթիլիասի Մայրավանքի իր գրասենյակում ընդունել է «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանին:
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից հայտնում են, որ հանդիպմանը ներկա էր նաեւ Սփյուռքի նախարարության Լրագրողների համակարգող խորհրդի նախագահ եւ Սփյուռքի նախարարության Հասարակական խորհրդի անդամ Շահան Գանտահարյանը։
Զարուհի Փոստանջյանը Վեհափառ Հայրապետին ներկայացրել է իր տեսակետներն ու մտահոգությունները Հայաստանի ներկա ու առաջիկա քաղաքական ու տնտեսական կեանքի վերաբերյալ, հատկապես անդրադառնալով Սփյուռքի հայության ավելի գործուն դերակատարության անհրաժեշտությանը՝ Հայաստանի հզորացման աշխատանքներում:
Նորին Սրբությունն, իր հերթին, շեշտել է, որ Սփյուռքը կոչված է առանցքային դեր ունենալ պետական կառույցների ամրապնդման եւ ընդհանրապես հայրենասիրության գծով եւ հետեւաբար, հարկ է Սփիւռք-Հայաստան գործակցությունն ավելի ծավալել, որպեսզի Սփյուռքի դերակատարությունը դառնա ավելի հետեւողական, ծրագրված ու համապարփակ։ Նա նաեւ հիշեցրել է, որ այս խնդրին ինքն անդրադարձել է Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովում իր արտասանած պատգամի մեջ։