Կարեն Կարապետյանը տեղյակ է Ճըվճվ Արոյի որդու վթարից, բայց հանձնարարական չի տվել. «ՀԺ»

Վարչապետ Կարեն Կարապետյանը տեղյակ է հունվարի 8-ի լուսադեմին Երեւան քաղաքում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասին, որի հետեւանքով զոհվել է ճանապարհային ոստիկանության երկու աշխատակից: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին տեղեկացրել է վարչապետ Կարեն Կարապետյանի մամուլի խոսնակ Արամ Արարատյանը:

Նշենք, որ էլեկտրոնային լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ վթարի վերաբերյալ վարչապետը հեռախոսազրույց է ունեցել քննչական կոմիտեի ղեկավար կազմի հետ եւ հանձնարարական է տվել՝ վթարի մասնակից Սարգսի Վարդանյանին օրենքի ամբողջ խոստությամբ պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

Հարցին՝ վարչապետ Կարեն Կարապետյանը նման հանձնարարական տվե՞լ է, եթե՝ այո, ապա ի՞նչ հիմքով, քանի որ նման լիազորություն կառավարության ղեկավարը չունի, Արամ Արարատյանը պատասխանեց. «Վարչապետը, գտնվելով կարճատեւ արձակուրդում, բնականաբար, շարունակում է հետեւել երկրում տեղի ունեցող իրադարձություններին եւ տեղյակ է ձեր հիշատակած ավտովթարի մանրամասներին: Հարուցված է քրեական գործ, որը գտնվում է համապատասխան մարմինների իրավասության շրջանակում, իսկ գործադիր իշխանությունն այդ գործընթացին միջամտելու լիազորություն կամ իրավասություն չունի: Վարչապետ Կարեն Կարապետյանը վստահ է, որ պատկան մարմինները կկատարեն օրենքով սահմանված իրենց պարտականությունները, որի արդյունքում բոլոր մեղավորները կկրեն իրենց հասանելիք պատիժը»:

Նույն տեղեկության վերաբերյալ մեկնաբանություն խնդրեցինք նաեւ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի խորհրդական Սոնա Տռուզյանից: «Կասկածելի աղբյուրների վրա հղում կատարվող «տեղեկությունները» հարկ չեմ համարում մեկնաբանել»,- ասաց Սոնա Տռուզյանը:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս