Բաժիններ՝

Թրամփի մասին «Կրակ և ցասում» գիրքը առաջին տեղն է զբաղեցրել Amazon-ի վաճառքների վարկանիշում

Լրագրող Մայքլ Վուլֆի՝ ԱՄՆ-ում մեծ արձագանք առաջացրած «Կրակ եւ ցասում. Թրամփի Սպիտակ տանը» գիրքը, որը պատմում է ԱՄՆ-ի նախագահի վարչակազմի աշխատանքի մասին, Amazon ինտերնետ-խանութի բեսթսելլերների վարկանիշում առաջին տեղն Է զբաղեցրել անցած շաբաթվա արդյունքներով: Այդ մասին վկայում են այն տվյալները։

Գրքի ժողովրդականության աճը խթանում են ընթերցողների դրական արձագանքները. հունվարի 10-ի դրությամբ գրքի միջին գնահատականը կազմում է 4,6 բալ՝ 5 հնարավորից: Վուլֆի 306-էջանոց աշխատությունը ամենից շատ մեկնաբանվողներից մեկն է դարձել Amazon-ում. դրա վերաբերյալ մեկնաբանություններ են արել արդեն ավելի քան 1,5 հազար օգտատերեր: Նրանց մեծամասնությունը գովաբանում է գիրքը, թեպետեւ հնարավոր է համարում, որ դրանում շատ բան չի համապատասխանում իրականությանը:

Ինչպես հետեւում է մեկնաբանություններից, Վուլֆի գրքի գնորդներից շատերը Թրամփի քաղաքական հակառակորդներն են: Ընդ որում՝ ընթերցողների մի մասին հրատարակությունը ձեռք բերելուն դրդել են ոչ թե նրանց քաղաքական նախապատվությունները, այլ խանութների վաճառասեղաններին գրքի հայտնվելը թույլ չտալու Սպիտակ տան ձգտումը:

Ինչպես ավելի վաղ հայտնել Է The Washington Post թերթը, Թրամփի փաստաբանները նամակ են ուղարկել Վուլֆին եւ Henry Holt and Co. հրատարակչությանը, որում պահանջել են «անհապաղ դադարեցնել եւ ձեռնպահ մնալ գրքի հետագա ցանկացած հրապարակումից, թողարկումից կամ տարածումից», պարզաբանելով, որ հակառակ դեպքում կարող են մեղադրանքներ առաջադրել գրքի հեղինակին, այդ թվում՝ զրպարտելու համար:

«Կրակ եւ ցասում. Թրամփի Սպիտակ տանը» գիրքը վաճառքում հայտնվել է հունվարի 5-ին: Այն բազմաթիվ վարկաբեկիչ տեղեկություններ ու մեկնաբանություններ է բովանդակում նախագահի, նրա ընտանիքի անդամների եւ մերձավոր շրջապատի վերաբերյալ: ԱՄՆ-ի նախագահն ինքն ավելի վաղ խիստ քննադատության է ենթարկել գիրքը, հայտարարելով, որ այն լի է ստով ու խեղաթյուրումներով: Դրա հեղինակին նա անվանել է «կատարյալ ձախողակ, որը պատմություններ է մոգոնել, որպեսզի վաճառի իր ձանձրալի ու ստահոդ գիրքը», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս