Բաժիններ՝

Հարյուր կանայք դատապարտել են «ատելության ալիքը տղամարդկանց նկատմամբ»

Հարյուր կանանցից բաղկացած խումբը, այդ թվում՝ ֆրանսիացի դերասանուհի Կատրին Դենյովը, գերմանացի դերասանուհի Ինգրիդ Կավենը եւ ֆրանսիացի գրող Կատրին Միլլեն, բաց նամակում, որը հրապարակել է Monde թերթը, հանդես են եկել «տղամարդկանց նկատմամբ ատելության» ալիքի դեմ, որն առաջացել է սեռական ոտնձգությունների վերաբերալ նյութերի հրապարակումից հետո։

«Բռնությունը հանցագործություն է: Սակայն համառ, երբեմն նույնիսկ անտակտ սիրահետումը հանցագործություն չէ, ինչպես որ սիրալիրությունն արգեսիա չէ տղամարդու կողմից»,-նշում են նամակի հեղինակները:

Նրանց կարծիքով, ամերիկացի պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնի հետ կապված սկանդալից հետո արդարացված է կանանց նկատմամբ բռնության խնդրի վրա հատուկ ուշադրություն հրավիրելը:

«Դա անհրաժեշտ էր: Սակայն խոսքի այդ ազատությունն այսօր բերում է նրան, որ մեզ ստիպում են խոսել այնպես, ինչպես պետք է՝ հարկադրելով լռել չհամաձայնողներին: Իսկ նրանց, ովքեր հրաժարվում են ենթարկվել այդ պահանջներին, համարում են դավաճաններ, հանցակիցներ»,-ասված է ուղերձում:

Նամակի հեղինակները սեռական ոտնձգությունների դեմ ծավալված շարժման մեջ «սեռական ազատության» սպառնալիք են տեսնում:

Ինչպես գրում են ուղերձի հեղինակները, այդ ալիքի զոհեր են դարձել արդեն մի քանի տղամարդիկ, որոնք հարկադրված են եղել պաշտոնաթող լինել այն բանի պատճառով, որ «փորձել են դիպչել կնոջ ծնկներին կամ համբուրել նրան, աշխատանքային ընդմիջումների ժամանակ խոսել են ինտիմ թեմաների շուրջ կամ սեռական բնույթի հաղորդագրություններ ուղարկել»:

«Այդ տենդը… չի օգնում կանանց ավելի անկախ դառնալ, այն, ընդհակառակը, իրականում ծառայում է սեռական ազատության թշնամիների շահերին»,-եզրակացրել են նամակի հեղինակները:

2017 թվականի հոկտեմբերին ԱՄՆ-ում մի խումբ դերասանուհիներ, այդ թվում՝ Անջելինա Ջոլին եւ Գվինեթ Փելթրոուն, պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնին մեղադրել են սեռական ոտնձգությունների մեջ, ինչից հետո նա հեռացվել է իր իսկ կողմից ստեղծված ընկերությունից եւ բացառվել մի ամբողջ շարք պրոֆեսիոնալ հանրակցություններից, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս