Մարտական դիրքում զոհված Վաչե Չիլինգարյանի աճյունն ամփոփվեց հայրենի Շողակաթ գյուղում
Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի բնակչությունը,Պաշտպանության բանակի զորամասի հրամանատարությունը, մարտական ընկերները,ՀՀ Զու բարձրաստիճան պաշտոնյաներն ու զինվորականները, Գեղարքունիքի մարզի ղեկավար կազմը, պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները, բազմաթիվ քաղաքացիներ վերջին հրաժեշտը տվեցին հունվարի 7-ին մարտական դիրքում հակառակորդի կրակոցից զոհված կրտսեր սերժանտ Վաչե Չիլինգարյանին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շողակաթ համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանը, զինվորի աճյունը հայրենի Շողակաթ է տեղափոխվել հունվարի 8-ին: Վաչե Չիլինգարյանի հուղարկավորությունը տեղի ունեցավ հունվարի 9-ին՝ Շողակաթի գերեզմանոցում, զինվորական կարգով: Հոգեհանգստյան կարգ կատարեց Գեղարքունյաց թեմի Ճամբարակի տարածքի հոգեւոր հովիվ Տեր-Պսակ քահանա Մկրտչյանը:
«Վաչե Չիլինգարյանը, չնայած իր երիտասարդ ու ծաղկուն տարիքին, հասցրեց անմահանալ բոլորիս սրտերում իր անօրինակ սխրանքով, պարտաճանաչությամբ ու հայրենասիրությամբ: Այսուհետ նա կլինի երկնային փառքի բարձունքներում եւ հայ սերունդների հիշողության մեջ»,-ոգեկոչման խոսք հնչեցրեց Տեր-Պսակ քահանան:
Հերոսի աճյունը հողին հանձնվեց զինվորական նվագախմբի կողմից հնչեցված ՀՀ Հիմնի հնչյունների եւ կրակային համազարկերի ներքո:
«Վաչե Չիլինգարյանը մեր պարտաճանաչ, խիզախ ու անձնվեր զինվորներից էր, ով զոհվեց մարտական հանձնարարություն կատարելիս եւ ընդմիշտ մնաց մեր հուշերում: Բոլորս անասելի վիշտ ու կսկիծ ենք ապրում մեր մարտական ընկեր, կրտսեր սերժանտ Վաչեի համար՝ երդվելով շարունակել այն սուրբ գործը, հանուն որի ընկավ նա»,-հրաժեշտի խոսքում նշեց Պաշտպանության բանակի զորամասի հրամանատարի քաղգծով տեղակալ Արմեն Մկրտչյանը: Վերջինս ընթերցեց Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հրամանագիրը՝ ԱՀ ՊԲ զորամասի կրտսեր սերժանտ Վաչե Չիլինգարյանին հետմահու «Մարտական ծառայության համար» մեդալով պարգեւատրելու մասին: Պարգեւը հերոսի ծնող Նվեր Չիլինգարյանին անձամբ հանձնեց Պաշտպանության բանակի զորամասի հրամանատար, գնդապետ Սամվել Գրիգորյանը:
«Վաչե Չիլինգարյանը ծնվել էր արծվաշենցի Նվեր Չիլինգարյանի ընտանիքում: Շատ համեստ, աշխատասեր, օրինակելի ընտանիք է մեր համայնքում: Վաչեն աչքի էր ընկնում խելացիությամբ ու կարգապահությամբ, ուսումնատենչությամբ, աշխատասիրությամբ: Չնայած իր երիտասարդ տարիքին՝ հասցրել էր վայելել բոլորիս սերն ու հարգանքը, ինչն ապացուցեց այսօրվա բազմամարդ թափորը: Ցավալի կորուստ էր մեր համայնքի համար, նրա ծնողների կողքին սգում ենք բոլորս: Վաչեն նաեւ ընտանիքի միակ արու զավակն էր, իր երկու քույրերի ավագը: Համայնքով կփորձենք ամեն գնով սփոփել մեր հերոսի ընտանիքին, միշտ հավերժ ու բարձր պահել մեր հերոսի անունը, խոնարհվել նրա սուրբ հիշատակի առաջ»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանը:
Խոսրով Խլղաթյան