Բաժիններ՝

Սեուլը և Փենյանը պայմանավորվել են վերսկսել բանակցությունները ռազմական հարցերի շուրջ

Սեուլը եւ Փենյանը պայմանավորվել են վերսկսել բանակցությունները ռազմական հարցերի շուրջ: Այդ մասին ասված է ԿԺԴՀ-ի եւ Հարավային Կորեայի բարձրաստիճան ներկայացուցիչների հանդիպման արդյունքների վերաբերյալ հունվարի 9-ին հրապարակված համատեղ հայտարարության մեջ:

«Հարավը եւ Հյուսիսը համակարծիք են ներկայիս ռազմական լարվածությունը թուլացնելու անհրաժեշտության հարցում եւ այդ խնդրի կարգավորման համար որոշել են վերսկսել զինվորականների բանակցությունները»,- նշվում է հայտարարության մեջ, որը հրապարակել են հարավկորեական ԶԼՄ-ները:

Կորեայի Հանրապետության եւ ԿԺԴՀ-ի միջեւ հարաբերությունների նորմալացման շուրջ երկխոսության առաջին փուլը հունվարի 9-ի առավոտյան տեղի Է ունեցել Փանմունջոն սահմանամերձ կետում: 2015 թվականի դեկտեմբերից ի վեր միջկորեական առաջին բանակցությունների գլխավոր թեմա էր հայտարարված Սեուլի եւ Փենյանի հարաբերությունների բարելավմանն ուղղված գործնական քայլերը: Ավելի վաղ YTN հարավկորեական հեռուստաալիքը հայտնել է, որ ԿԺԴՀ-ն եւ Հարավային Կորեան պայմանավորվել են վերականգնել թեժ գիծը զինվորականների միջեւ: Ինչպես նշում է «Ռյոնհափ» գործակալությունը, գծի աշխատանքն արդեն վերականգնված է, այն լիարժեք կսկսի աշխատել հունվարի 10-ին:

ԿԺԴՀ-ն թեժ գծի աշխատանքը դադարեցրել էր 2016 թվականի փետրվարին ի նշան Քեսոնի համատեղ տնտեսական գոտին փակելու Սեուլի որոշման դեմ բողոքի: Թեժ գիծը, մասնավորապես, օգտագործվում էր արդյունաբերական համալիրի տարածքում Հարավային Կորեայի քաղաքացիների տեղաշարժերի մասին Փենյանին տեղեկացնելու համար: Հարավային Կորեան համատեղ տնտեսական գոտու աշխատանքն այն ժամանակ որոշեց դադարեցնել ԿԺԴՀ-ի հերթական հրթիռային փորձակումներին ի պատասխան:

Նաեւ հայտնի Է դարձել, որ Կորեայի Հանրապետությունը ԿԺԴՀ-ին առաջարկել է լուսնային Նոր տարում, որը նշվելու է փետրվարի 16-ին, անցկացնել 1950-1953 թվականների պատերազմի հետեւանքով բաժանված ընտանիքների հարազատների հանդիպում:

Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նո Գյու Դոկը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Կորեայի Հանրապետությունը կարող է ժամանակավորապես դադարեցնել ԿԺԴՀ-ի նկատմամբ մի շարք պատժամիջոցային դրույթների գործողությունը, եթե դա պահանջվի Փյոնչհանի ձմեռային Օլիմպիական խաղերին Փենյանի ներկայացուցիչների մասնակցությունն ապահովելու համար: Ըստ նրա՝ խոսքը վերաբերում է մի շարք հյուսիսկորեացի պաշտոնատար անձանց Հարավային Կորեա մուտքի արգելքի հնարավոր չեղարկմանը, որոնք կապված են ԿԺԴՀ-ի հրթիռամիջուկային ծրագրի հետ:

«Սեուլն այս նպատակով կարող է համապատասխան քայլերի հնարավորությունը քննարկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի եւ այլ շահագրգիռ պետությունների հետ համատեղ»,- ընդգծել է արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը: Փանմունջոնում կայացած միջկորեական բանակցությունների ընթացքում ԿԺԴՀ-ն առաջարկել է Փյոնչհանի ձմեռային Օլիմպիական խաղեր ուղարկել իր բարձրաստիճան ներկայացուցիչների, թեքվանդոյի ցուցադրական թիմ, ինչպես նաեւ պարողների ու երաժիշտների: Հարավկորեական կողմն իր հերթին առաջարկել է, որ երկու երկրների պատվիրակությունները միասին անցնեն Խաղերի բացման եւ փակման արարողությունների ժամանակ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս