ՀՀ գլխավոր ինֆեկցիոնիստը գրիպով և սուր շնչական վարակներով հիվանդներին խորհուրդ է տալիս մասսայական կուտակման տարածքներ չայցելել
«Ծանր, լուրջ վիճակ չունենք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը՝ խոսելով գրիպի և սուր շնչական հիվանդությունների բռնկման մասին:
«Մենք և՛ մեծահասակ ունենք, և՛ մինչև մեկ տարեկան, և՛ մեկ տարեկանից բարձր, բոլոր տարիքային խմբերն էլ ունենք, բայց չեմ նկատել, որ առանձնապես ծանր ընթացքով լինեն: Համենայնդեպս, մեր հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում այդ հիվանդությամբ երեխա մենք այսօր չունենք»,- նշեց Ա. Ասոյանը:
Նա նկատեց, որ այսօր խոսվում է հիմնականում երեխաների հիվանդացության դեպքերի մասին, քանի որ հիմնականում երեխաների հիվանդանալու դեպքում են մարդիկ բժշկի դիմում. «Հիվանդ երեխայի դեպքում ծնողն ավելի հաճախ է դիմում հիվանդանոց, իսկ մեծահասակները չեն դիմում»:
ՀՀ գլխավոր ինֆեկցիոնիստը դժվարացավ հիվանդների թվի մասին խոսել՝ նկատելով, որ բոլորը չէ, որ այդ հիվանդության պատճառով դիմում են տեղամասային բուժկենտրոն:
Հարցին, թե՝ հիմնականում ո՞ր տեսակի վիրուսներն են հիմա տարածված, Ա. Ասոյանը պատասխանեց. «Սուր շնչական վարակներ, նաև գրիպի «A» տեսակն ունենք Հայաստանում, բայց այս պահին մենք ծանր վիճակում հիվանդ չունենք:
Ա. Ասոյանը նկատեց, որ այս վարակներից պաշտպանվելը շատ դժվար է, քանի որ դրանք օդակաթիլային եղանակով են փոխանցվում, բայց, նրա խոսքով, դա հնարավոր է. «Ուղղակի խորհուրդ կտամ հիվանդներին կամ այդ հիվանդների ծնողներին չգնալ աշխատանքի կամ մանկապարտեզ, դպրոց, մասսայական կուտակման տեղեր չայցելել, որ մյուսներին գոնե չվարակեն»: