Բաժիններ՝

Գերմանիայում հաստատված պոլսահայ լրագրողը հորդորել է զգուշանալ հնարավոր մահափորձերից

Թուրքիայում շարունակվող հետապնդումների հետևանքով Գերմանիայում հաստատված հայ լրագրող Հայկո Բաղդաթը ևս մեկ անգամ ուշադրություն է հրավիրել այդ երկրում բնակություն հաստատած Թուրքիայի քաղաքացիների դեմ հնարավոր մահափորձեի մասին տեղեկատվության վրա: Այս մասին լրագրողը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:

«Եվս մեկ անգամ նախազգուշացնում եմ: Լրջորեն վերաբերվեք Գերմանիայում մահափորձերի մասին պնդումներին»,- գրել է Բաղդաթը:

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի հայ պատգամավոր Գարո Փայլանը մեջլիսում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ դեկտեմբերի 20-ին հայտարարել է, որ հետախուզական տվյալներ ունի այն մասին, թե Եվրոպայի հայկական համայնքի ներկայացուցիչների դեմ մահափորձ է կազմակերպվում: «Հետախուզական տվյալներ ունեմ այն մասին, որ Եվրոպայում բնակվող Թուրքիայի քաղաքացի ալևիների և հայկական համայնքների ներկայացուցիչների, ինչպես նաև «Արդարություն և զարգացում» կուսակցության իշխանության օրոք երկիրը ստիպված լքած լրագրողների, գրողների, ակադեմիկոսների դեմ որոշակի խմբեր գործողություն են նախապատրաստում, որը մեծ աղմուկ պետք է բարձրացնի»,- ասել է Փայլանը:

Փայլանը հայտնել է նաև, որ Թուրքիայի կառավարության ներկայացուցիչները, ում հետ հանդիպել և խոսել է իր ունեցած տվյալների վերաբերյալ, խոստացել են անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել:

Դրանից հետո Գերմանիայի իրավապահ մարմինները հայտարարել էին, որ տեղյակ են Փայլանի հայտարարության մասին: «Տեղյակ ենք վերոնշյալ վտանգից, անհրաժեշտ աչալրջությամբ ուսումնասիրում ենք իրադրությունը: Սակայն իրավիճակի և պաշտպանական միջոցների ձեռնարկման մասին այլ մանրամասներ չենք կարող տրամադրել»,- ասվում էր իրավապահ մարմինների հայտարարության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս