«ԱՄՆ-ին և Մեծ Բրիտանիային չհաջողվեց անկարգություններ հրահրել Իրանում». Խամենեի
ԱՄՆ-ին եւ Մեծ Բրիտանիային չհաջողվեց անկարգություններ հրահրել Իրանում վերջերս տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում: Այդ մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության գերագույն ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին՝ ելույթ ունենալով Կում քաղաքում: Նրա խոսքը մեջբերում է Fars գործակալությունը:
«Մեր թշնամիներն արդեն գրեթե 40 տարի (1979 թվականին Իրանում տեղի ունեցած իսլամական հեղափոխությունից ի վեր) փորձում են մեզ ոչնչացնել, բայց միշտ հակահարված են ստանում: Մեր ժողովուրդը մշտապես միասնականություն է դրսեւորում եւ դիմադրություն ցույց տալիս թշնամիներին: ԱՄՆ-ին եւ Մեծ Բրիտանիային չհաջողվեց եւ չի հաջողվի մեզ կոտրել»,- ասել է Խամենեին: Ավելի վաղ Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին երկրի ներքին գործերին միջամտելու մեջ մեղադրել էր Միացյալ Նահանգներին, Մեծ Բրիտանիային եւ Սաուդյան Արաբիային: Բացի այդ, ՄԱԿ-ին առընթեր Իրանի մշտական ներկայացուցիչ Ղոլյամ Ալի Խոշրոուն պաշտոնական բողոք է ուղարկել ՄԱԿ-ին՝ ԱՄՆ-ին մեղադրելով Իսլամական Հանրապետության գործերին միջամտելու եւ բռնություն հրահրելու մեջ:
Իրանում բողոքի ակցիաներն սկսվել էին դեկտեմբերի 28-ին: Ցույցերի մասնակիցները տարբեր քաղաքներում իրենց դժգոհություն էին հայտնում գների աճից:
Ոստիկանության հետ բախումների հետեւանքով զոհվել է 20 մարդ, այդ թվում՝ իրավակարգի ուժերի աշխատակիցներ: Իշխանությունների տվյալներով՝ անկարգություններին մասնակցելու համար ձերբակալվել է ավելի քան 450 մարդ, նրանց մեծամասնությունն ազատ է արձակված գրավի դիմաց:
Հունվարի 3-ին «Իսլամական հեղափոխության պահապանների» կորպուսի հրամանատար գեներալ Մոհամադ Ալի Ջաֆարին հայտարարել է հանրապետությունում անկարգությունների ավարտվելու եւ խռովարարների պարտության մասին: Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ ամբողջ երկրում ակցիաներին մասնակցել է ոչ ավելի, քան 15 հազար մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: