ԿԺԴՀ-ն և Հարավային Կորեան կվերականգնեն թեժ գիծը զինվորականների միջև
ԿԺԴՀ-ն եւ Հարավային Կորեան պայմանավորվել են վերականգնել թեժ գիծը զինվորականների միջեւ: Այդ մասին հայտնել է YTN հարավկորեական հեռուստաալիքը:
Համաձայնության ձեռքբերման մասին հայտարարվել է հունվարի 9-ին, երբ կորեական երկու պետությունների միջեւ ապառազմականացված գծում գտնվող Փանմունջոմ բնակավայրում կայացան Հարավի եւ Հյուսիսի բարձրաստիճան պաշտոնյաների բանակցությունները: Ինչպես նշում է «Ռյոնհափ» գործակալությունը, գծի աշխատանքն արդեն վերականգնված է, այն լիարժեք կսկսի աշխատել հունվարի 10-ին:
ԿԺԴՀ-ն թեժ գծի աշխատանքը դադարեցրել էր 2016 թվականի փետրվարին ի նշան Քեսոնի համատեղ տնտեսական գոտին փակելու Սեուլի որոշման դեմ բողոքի: Թեժ գիծը, մասնավորապես, օգտագործվում էր արդյունաբերական համալիրի տարածքում Հարավային Կորեայի քաղաքացիների տեղաշարժերի մասին Փենյանին տեղեկացնելու համար:
Հարավային Կորեան համատեղ տնտեսական գոտու աշխատանքն այն ժամանակ որոշեց դադարեցնել ԿԺԴՀ-ի հերթական հրթիռային փորձակումներին ի պատասխան, հաղորդել է է «Ինտերֆաքս»-ը: