«Ցնցումներով լի Իրանը բացարձակ չի բխում Հայաստանի անվտանգության շահերից». Գոհար Իսկանդարյան
Հայաստանի Հանրապետությանը խիստ անհրաժեշտ է կայուն և անցնցում Իրան: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց իրանագետ Գոհար Իսկանդարյանը` ավելացնելով, որ Իրանում կայունությունը բխում է Հայաստանի անվտանգության շահերից:
«Այս օրերին Իրանի նախագահի մակարդակով եղան հայտարարություններ այն մասին, որ պետք է ուսումնասիրեն ճգնաժամային խնդիրները և առաջ քաշեն լուծումներ: Այսօր տեսնում ենք, որ Իրանում հակակառավարական ցույցեր չկան:
Վերջին երկու օրերին եղել են ցույցեր, բայց դրանք արդեն պրոկառավարական էին: Մասնակիցները փորձում էին ցույց տալ իրենց աջակցությունը կառավարությանը: Այս օրերին տեսնում ենք, որ առաջացած խնդիրները տեղափոխվել են մեջլիս: Հստակ է` բարեփոխումներն անհրաժեշտություն են, հակառակ դեպքում, նման իրավիճակների կրկին ականատես կլինենք»,-ասաց իրանագետը:
Գոհար Իսկանդարյանը կարևորեց Իրանում անցման շրջանն անցնցում տանելը, հակառակ դեպքում լավ բան չի սպասվում ոչ Հայաստանին ոչ տարածաշրջանին: Նրա խոսքով, եթե լինեն ցնցումներ, ապա Իրանը կկորցնի վերահսկողությունը, շատերը կօգտվեն այդ վիճակից, երկրում տարբեր խնդիրներ կառաջանան` կապված քրդական հարցի, Ատրպատականի հետ, կտարվի մասնատման քաղաքականություն:
«Ցնցումներով լի Իրանը բացարձակ չի բխում Հայաստանի անվտանգության շահերից: Ես լիահույս եմ, որ Իրանը ճիշտ հետևություններ կանի այս ամենից և լուրջ բարեփոխումներ կիրականացնի»,-ասաց Գոհար Իսկանդարյանը:
Իրանագետը նկատեց, որ հասարակության դժգոհությունը հիմք ունի, երկրում բազմաթիվ սոցիալ-տնտեսական խնդիրներ լուծումների են սպասում: Հասան Ռոհանին շատ խոստումներ է տվել, որոնցից որոշները նույնիսկ դուրս են եղել իր լիազորություններից:
«Միջուկային ծրագիրը բավական բարձրացրել էր Հասան Ռոհանիի հեղինակությունը, հասարակությունը հույս ուներ, որ երկրում կյանքը կբարելավվի: Երբ եվրոպական բանկերում որոշ գումարներ ապասառեցվեցին, Իրանի ժողովուրդը կարծում էր, որ դրանք կներդրվեն սոցիալական վիճակը կարգավորելու գործում: Դրանք ներդրվեցին սիրիական ճգնաժամը կարգավորելու գործում: Իրանի սահմանին անվտանգության խնդիրն ավելի կարևորվեց, քան ներքին սոցիալական հարցը: Դա որոշել էր հոգևոր առաջնորդը, բայց դժգոհություններն ուղղվեցին կառավարությանը: Հետագայում Հասան Ռոհանիի բացատրություններից հետո, սլաքներն ուղղվեցին դեպի հոգևոր առաջնորդը: Սոցիալական բնույթի բողոքի ակցիաները քաղաքական երանգներ ստացան: Այս ամենը ցույց են տալիս, որ առկա են համակարգային լուրջ խնդիրներ»,-հավելեց իրանագետը:
Անդրադառնալով Իրանում առկա իրավիճակին արտաքին ուժերի հնարավոր միջամտությանը` Գոհար Իսկանդարյանը նշեց, որ փորձեր կլինեն, սակայն այս պահին Իրանում իրավիճակը վերահսկելի է:
Իրանի խոշոր քաղաքներում դեկտեմբերի 28-ին սկսվել են հակակառավարական բողոքի ակցիաներ: Սոցիալական խնդիրներով պայմանավորված՝ բողոքի ակցիաները ձեռք բերեցին քաղաքական բնույթ: Տասնյակ ցուցարարներ ձերբակալվեցին:
Իրանում տիրող իրավիճակի հետ կապված ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ հանդիպում անցկացրեց: