«Այս տարի Արցախում լայնամասշտաբ պատերազմ չի լինի». Ալեքսանդր Իսկանդարյան

«2018թ. ոչ մի հրաշալի բան չեմ սպասում, բայց սարսափելի բան էլ չեմ սպասում։ Ամենակարևոր բանը, որ տեղի կունենա, Իրանի հետ համագործակցությունն է՝ Մեղրիի ազատ տնտեսական գոտու միջոցով։ Դա կարևոր է, որովհետև երկկողմանի ֆորմատը գրեթե ամբողջությամբ ընտրված է, արված է այն, ինչ հնարավոր էր անել։ Հաշվի առնելով այն, որ Իրանը շատ ուժեղ պաշտպանում է իր ներքին շուկան, տնտեսության մեջ ևս հնարավոր ամեն բան արվել է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց Կովկաս ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

Նրա խոսքով՝ 2018թ. Հայաստանը կփորձի կամուրջ դառնալ Իրանի և Եվրամիության միջև, ինչը, ըստ նրա՝ ավելի խոշոր ֆորմատ է, քան հայ-իրանական հարաբերությունները։ ՀՀ-ԵՄ փոխգործակցությունը, ըստ նրա՝ կարող է բերել նրան, որ այս տարի Հայաստանը վիզային ռեժիմի ազատականացման բանակցությունների մանդատ ստանա. «Մանդատի ստացման ինչ-որ ձևաչափ չկա, բայց դա կարող է սկսվել, և մոտ 3-4 տարի հետո կարող ենք ստորագրել այնպիսի համաձայնագիր, ինչպիսին Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի և ԵՄ-ի միջև ստորագրված համաձայնագիրն է»։

Իսկանդարյանը կարևոր իրադարձություն է համարում նաև կառավարման համակարգի փոփոխությունը. «Ես չեմ սիրում անձերի մասին խոսել, կարևոր է կառուցվածքը, ոչ թե անձերը։ Ով էլ լինի վարչապետը, երկրի ղեկավարման կառուցվածքը փոխվելու է։ Դա այն համակարգն է, որի ժամանակ մարդիկ ստիպված են լինելու համաձայնության գալ միմյանց հետ. որոշ մարդկանց կգնեն, որոշ մարդիկ ստիպված են լինելու ինչ-որ բան տալ, բայց համաձայնության գալ»։

Անդրադառնալով Արցախի հարցին՝ քաղաքագետն ասաց, որ որևէ առաջընթաց այդ հարցում չի լինի. «Այս տարի պատերազմի պետք չէ սպասել, դրանք բոլորը լրագրողական պղպջակներ են, լայնամասշտաբ պատերազմ չի լինի։ Բայց կրակոցները չեն դադարի, էսկալացիաներ կլինեն»։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս