Կանանց կրծքագեղձի քաղցկեղի դեպքերը Հայաստանում նվազել են
Կրծքագեղձի քաղցկեղ Հայաստանում 2017-ին հայտնաբերվել է հետազոտված յուրաքանչյուր 26-րդ կնոջ մոտ` նախկին տարիների յուրաքանչյուր 16-ի և 20-ի համեմատ: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը:
«Նախկինում հետազոտված յուրաքանչյուր 15-16-րդ կնոջ մոտ կրծքագեղձի քաղցկեղ էր հայտնաբերվում: 2016-ին կրծքագեղձի քաղցկեղ էր հայտնաբերվում ամեն 20-րդ կնոջ մոտ: Իսկ 2017-ին` ամեն 26-րդ կնոջ մոտ: Դա նշանակում է, որ կանայք ավելի շատ են ուշադրություն դարձնում իրենց առողջությանը և հաճախ են հետազոտվում»,-ասաց Հակոբյանը:
2017-ին ՀԱԱԿ-ում հետազոտվել է 45 810 այցելու, կատարվել է 55920 հետազոտություն: Այնինչ նախկինում կենտրոնում հետազոտվում էր տարեկան ընդամենը 1000 այցելու:
Կենտրոնի տնօրենը հորդորեց կանանց հաճախակի այցելել բժշկի, քանի որ քաղցկեղի ամենաճիշտ, արդյունավետ բուժումը կանխարգելումն է:
ՀԱԱԿ-ում 2017- ին կատարվել է 22 823 կրծքագեղձի հետազոտություն, հետազոտվել է 20 231 կին, որոնցից 800-ի մոտ հայտնաբերվել է կրծքագեղձի քաղցկեղ: Նույն ժամանակում հետազոտվել է 122 տղամարդ, որոնից 5-ի մոտ հայտնաբերվել է կրծքագեղձի քաղցկեղ: