Թիլերսոնը հրաժարվել է Կուբա վերադարձնել ամերիկացի դիվանագետներին
ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը մտադիր չէ հետ կանչված ամերիկացի դիվանագետներին վերադարձնել Կուբա եւ այն կարծիքին է, որ Հավանան կարող է մեկընդմիշտ լուծել ակուստիկ գրոհների խնդիրը:
Այդ մասին ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտարարել է Associated Press գործակալությանը տված հարցազրույցում, որը հրապարակվել է հունվարի 8-ին: Թիլերսոնը չի բացառում ակուստիկ գրոհների կրկնվելը եւ չի ցանկանում սպառնալիքի տակ դնել ամերիկացի դիվանագետների առողջությունը՝ նրանց հետ ուղարկելով Հավանա:
«Այդ դեպքում ես գիտակցաբար դիվանագետներին կդնեի վնասներով հղի ճանապարհի վրա»,-ասել է նա: Մինչդեռ ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոն Հավանային ծանուցել է, որ Կուբայում ամերիկացի դիվանագետների նկատմամբ ակուստիկ գրոհների ապացույցներ չի գտել, ինչի մասին հունվարի 6-ին ABC հեռուստաընկերությանը հայտնել է հանրապետական սենատոր Ջեֆ Ֆլեյքը:
Նա Կոնգրեսի Վերին պալատի արտաքին գործերի կոմիտեի անդամ է: Ֆլեյքը շարադրել է հունվարի 5-ին Կուբայի պաշտոնատարների հետ կայացած իր հանդիպումների բովանդակությունը եւ նշել, որ ինքը նրանց չհավատալու հիմքեր չունի:
ԱՄՆ-ի իշխանությունները պնդում են, որ Հավանայում ակուստիկ գրոհների հետեւանքով 2016 թվականի նոյեմբերից մինչեւ 2017 թվականի օգոստոսը տուժել են ամերիկացի 24 դիվանագետներ: Հոկտեմբերին կուբացի փորձագետները հայտնել են իրենց հետաքննության նախնական արդյունքների մասին: Նրանց խոսքով՝ չկան այն բանի ապացույցներ, որ ամերիկացի դիվանագետները Հավանայում իրոք ենթարկվել են ակուստիկ գրոհների, հաղորդել է ՏԱՍՍ-ը: