Բաժիններ՝

«Ժողովուրդն արդեն սոցիալական բունտի շեմին է». Մովսես Արիստակեսյան

«Իշխանությունները երբևիցե չէին էլ խոստովանում և ամեն կերպ քարոզչություն էին անում, որ գնաճային ճնշումներ չեն լինի։ Ավելին՝ Հարկային օրենսգրքի հանրային քննարկումների ժամանակ ԱԺ-ում պետական պաշտոնյաներն ասացին, որ գնային ճնշումը կլինի 0.4%՝ Հարկային օրենսգրքով նախատեսված ակցիզային հարկի կտրուկ բարձրացման ֆոնի վրա։ Իմ մեկնաբանությունները, որ մինչև 2021թ. 13 ապրանքատեսակների ակցիզային հարկի տարեկան 15% ավելացումը, բնականաբար, պետք է հագեցնի ուղղակի գնաճային լուրջ ճնշման, արժանացան քամահրանքի։

Պատասխանատուներն ասում էին՝ չկա գնաճ, անգամ հասանք նրան, որ կարտոֆիլային հոգեբանության անցան ԱԺ առողջապահության և սոցիալական ու Տնտեսական հանձնաժողովների նախագահները, մարդիկ, որոնք պատասխանատու են մեր քաղաքացիների սոցիալական ու տնտեսական նորմալ իրավիճակի համար»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց «Տնտեսական իրավունքի կենտրոն» հ/կ նախագահ, տնտեսագետ Մովսես Արիստակեսյանը՝ խոսելով հունվարի 1-ից արձանագրված բենզինի, դիզվառելիքի և սեղմած գազի թանկացումների մասին։

Ըստ նրա՝ գնաճի վրա ազդում է նաև Մաքսային օրենսգրքի ընդունմամբ պայմանավորված ևս 800 ապրանքատեսակի մաքսատուրքերի բարձրացումը, ավելին՝ ԵԱՏՄ-ին անդամության հետևանքով մեզ մոտ կպակասեն եվրոպական որակյալ ապրանքները, կավելանա դրանց դեֆիցիտը և կբարձրանա գինը՝ մեզ հիշեցնելով խորհրդային տարիները, երբ որոշ ապրանքներ միայն «տակից» կարող էինք գնել.

«Դա ուղղակիորեն անդրադարձել է և կրկին կանդրադառնա երկրի աղքատության մակարդակի վրա, այն է՛լ ավելի կխորանա, է՛լ ավելի կընդլայնվի՝ աշխատավարձային, թոշակային և նպաստային հակասոցիալական քաղաքականության հետևանքով։ Դրանց ավելացում նախատեսված չէ այս տարվա բյուջեով, նախատեսված չէ միջին ժամկետ ծախսերի ծրագրով, ու դա, կարծես, նախագահի ու կառավարության ծրագրային դրույթներից է։ Եվ կավելանա արտագաղթը»։

Մ. Արիստակեսյանը հիշեցրեց, որ 2013 թվականից սկսած նվազագույն աշխատավարձը չի բարձրացել, իսկ այդ ընթացքում գնաճը կազմել է առնվազն 15%։

Հետևաբար, նրա կարծիքով, առաջին հերթին՝ պետք է բարձրացվի նվազագույն աշխատավարձը, երկրորդ՝ պետք է իրականացվի 2014 թ. մեռելածին օրենքը սպառողական նվազագույն բյուջեի և զամբյուղի մասին։

Նա նշեց, որ 2013թ.-ից ի վեր պետությունն ապօրինի հարկահանություն է կատարում եկամտային հարկի տեսքով, մինչ այդ կար նվազագույն շեմ, որը սպառողական զամբյուղի շեմն էր, որը չէր հարկվում, իսկ հետո սկսեցին հարկել։

Տնտեսագետի խոսքով՝ սպառողական զամբյուղը հաշվի առնելով՝  նվազագույն աշխատավարձային, նպաստային և թոշակային ճիշտ քաղաքականությունը կբերի քաղաքացիների տնօրինվող եկամուտների և վճարունակության բարձրացման։

Տնտեսության զարգացման առումով տնտեսագետը կարևորեց երկրից դուրս բերվող տարեկան մոտ 1-1.3 մլրդ դոլար գումարի վրա, որ ստվերային, դրամաշնորհային, վարկային միջոցներ են, օրենսդրական արգելքի սահմանումը, որպեսզի այդ միջոցները դուրս չհոսեն երկրից, և նպաստավոր դաշտ ստեղծվի դրանք Հայաստանում ներդնելու համար։

Մ.Արիստակեսյանն ընդգծեց, որ դրա համար անհրաժեշտ է նաև վերանայել երկրի ռազմավարական զարգացման ծրագիրը՝ ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի համատեքստում, քանի որ նախորդ ծրագիրը գրվել է 2014-2025 թթ. համար, սակայն դրա ոչ մի ցուցանիշ դեռևս կատարված չէ, ավելին՝ բոլոր ցուցանիշները գնում են անկման։

«Նաև առաջին հերթին՝ շատ լուրջ պայքար պետք է կատարվի կոռուպցիայի դեմ, ո՛չ թե շղարշային, ո՛չ թե հրապարակախոսային, այլ լուրջ պայքար, և պայքար՝ ստվերն էապես կրճատելու ուղղությամբ։ Եթե դա չարվի, նշվածից ոչինչ հնարավոր չէ իրականացնել։ Իսկ ժողովուրդն արդեն սոցիալական բունտի շեմին է»,- ասաց տնտեսագետը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս