Քննչական կոմիտեն՝ Երևանում երկու ոստիկանի կյանք խլած վթարի գործով «Ճվճըվ Արոյի» որդու ձերբակալության մասին
2018 թվականի հունվարի 8-ին Երևանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձերբակալվել է «ԲՄՎX6» մակնիշի ավտոմեքենայի վարորդը։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ հունվարի 8-ին՝ ժամը 04:40-ի սահմաններում, Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայի և Աբովյան փողոցի խաչմերուկում բախվել են «ԲՄՎX6» մակնիշի, 35 NT 388 հաշվառման համարանիշի և «Տոյոտա» մակնիշի, 243 II 02 հաշվառման համարանիշի ավտոմեքենաները, որից հետո «ԲՄՎX6» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հարվածել գովազդային վահանակին: Ավտովթարի հետևանքով «Տոյոտա» մակնիշի, 243 II 02 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վարորդ Ա.Դավթյանն ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է, իսկ ուղևոր Խ.Գասպարյանը տեղափոխվել բժշկական կենտրոն։ Մարմնական վնասվածքներ են ստացել նաև «ԲՄՎX6» մակնիշի ավտոմեքենայի 2 ուղևորները։
Ավտովթարից հետո «ԲՄՎX6» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը, հեռացել է:
Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածով, կատարվում է նախաքննություն: «ԲՄՎX6» մակնիշի ավտոմեքենայի վարորդի ինքնությունը պարզվել է եւ ձերբակալվել։
Նախաքննության ընթացքում բժշկական կենտրոնից վարույթն իրականացնող մարմինը տեղեկացել է, որ մահացել է նաեւ վթարի հետեւանքով վնասվածքներ ստացած ոստիկանության՝ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Խ.Գասպարյանը։