Ճապոնիայում տիեզերական մանր աղբի հայտնաբերման ռադար են ստեղծում. «Իոմիուրի»
Ճապոնիայի JAXA օդատիեզերական գործակալությունը ռադար է մշակում մինչեւ 10 սանտիմետր մեծությամբ «տիեզերական մանրաղբ» հայտնաբերելու համար: Այդ մասին հայտնել է «Իոմիուրի» թերթը:
Նրա տվյալներով՝ Օկայամա պրեֆեկտուրայում մինչ այժմ տեղակայված JAXA-ի ռադարն ի վիճակի է մեր մոլորակի ուղեծրում հայտնաբերել միայն մեկուկես մետրից ավելի խոշոր օբյեկտներ: Նոր սարքը, որը ենթադրվում է շահագործման հանձնել 2023 թվականին, մոտավորապես 200 անգամ ավելի զգայուն կլինի:
Դա անհրաժեշտ է ուղեծրում մինչեւ 2000 կիլոմետր բարձրության վրա գտնվող արբանյակների հետ տիեզերական աղբի բախումը կանխելու ուղիներն ուսումնասիրելու համար:
Միաժամանակ, ինչպես գրում է «Իոմիուրին», Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը պատրաստվում է Յամագուտի պրեֆեկտուրայում կառուցել եւս մեկ ռադար, որը գեոսինխրոն ուղեծրում «տիեզերական աղբը» կհայտնաբերի մոտավորապես 36 հազար կիլոմետր բարձրության վրա, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: