Բաժիններ՝

«Այստեղ ամեն ինչ սահմանված է պարզ ու հստակ»

Հայրենիքի սահմաններն անառիկ պահող դիրքապահ տղաների` որպես մերօրյա հերոսների նվիրական առաքելությունն արժևորելու, հանրության լայն շրջանակներին նրանց հավաքական կերպարը ներկայացնելու, բանակ-հասարակություն կապը ամրապնդելու, ինչպես նաև մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությունը խթանելու նպատակով ներկայացնում ենք «Պաշտպանության բանակի լավագույն դիրքապահները» ծրագիրը:

Ծրագիրն իրականացնում է «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպությունը ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում: Զինծառայողների հետ զրուցել է Հրայր Փաշայանը։

Մեր զրուցակիցը դիրքի ավագ, կրտսեր սերժանտ Ռոբերտ Երվանդի Ավոյանն է: Ծնվել է 1997 թվականի օգոստոսի 7-ին Երևանում: 9-րդ դասարանն ավարտելուց հետո երեք տարի սովորել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հենակետային վարժարանում, որն ավարտելուց հետո ընդունվել է նույն համալսարանի տնտեսագիտական բաժինը և առաջին կիսամյակի ավարտից հետո՝ 2016 թվականի հունվարին զորակոչվել ծառայության:

Մեր այն հարցին, թե ինչի շնորհիվ է արժանացել հրամանատարության ու ծառայակից ընկերների վստահությանը և ապա ստանձնել դիրքի ավագի պատասխանատու պարտականությունները, պատասխանում է.

«Իմ կարծիքով` ծառայությանը շատ շուտ եմ հարմարվել, կարծես թե ի սկզբանե հոգեբանորեն պատրաստ եմ եղել զինվորական բոլոր դժվարություններին: Ունենալով անհրաժեշտ կազմակերպչական և մարդկանց հետ շփվելու ունակություններ, շատ ու շատ զինվորների հետ եմ սկսել ընկերություն անել:

Այս ամենը դրական ազդեցություն է ունեցել զինվորական կոլեկտիվի կայացման վրա և բնականաբար չի վրիպել հրամանատարության ուշադրությունից: Անցնելով համապատասխան կրտսեր հրամանատարական դասընթացներ` արժանացել եմ կրտսեր սերժանտի զինվորական կոչման, այնուհետև նշանակվել դիրքի ավագ»:

Այսինքն՝ առաջադրված խնդիրները հաջողությամբ իրականացնելու նախապայմաններից մեկը դիրքի ավագը համարում է ընկերական վերաբերմունքը:

Խոսելով դիրքերում մարտական հերթապահության իրականացման, սահմաններն անառիկ պահելու և սեփական պարտականությունների կատարման մասին, դիրքի ավագ, կրտսեր սերժանտ Ռ. Ավոյանն ասաց հետևյալը.

«Հրամանատարության կողմից ինձ վստահված կրտսեր հրամանատարի՝ դիրքի ավագի պաշտոնը երբեք չեմ չարաշահել՝ չեմ փորձել այն օգտագործել իմ հանգստի ու կարիքների բավարարման համար: Հակառակը, մշտապես և բոլոր հարցերում անձնակազմի հետ եմ եղել, ընկերական խորհուրդներով ու դիտողություններով միշտ զգաստության կոչել նրանց: Կարևորելով զինծառայողների մասնագիտական պատրաստվածությունը հակառակորդի հավանական գործողությունների դեպքում` պարբերաբար պարապմունքներ եմ իրականացնում, փորձում բացատրել, թե յուրաքանչյուրը հակառակորդի դիվերսիոն հետախուզական ներթափանցման, հանկարծակի հարձակման, հրետակոծության կամ այլ գործողությունների դեպքում ինչ պետք է անի:

Այս և այլ հարցերի շուրջ պարբերաբար խորհրդակցում ենք, կիսվում կարծիքներով, հենց տեղանքում ճշտում անելիքները և փորձում գտնել առաջադրված խնդիրների լուծման առավել արդյունավետ ճանապարհը»:

Զինծառայության ընթացքում Ռոբերտն ավելի է համոզվել, որ յուրաքանչյուր մարդ իր տեղն ու դերն ունի այս կյանքում: Նա դիրքապահի պարտականությունը ստանձնելուց հետո սկսել է ավելի արժևորել հայրենիքի դերը: Ինչ վերաբերում է կոնկրետ սեփական հաջողություններին, ապա կրտսեր սերժանտ Ռ. Ավոյանի կարծիքով, պարզապես կատարում է այն, ինչ պարտավոր է:

«Մենք զորակոչվել ենք բանակ հայրենիքին երկու տարի ծառայելու համար: Այսօր հպարտորեն կարող եմ ասել, որ դիրքապահի պարտականություններ ստանձնելով՝ սահմանի որոշակի հատվածն եմ պաշտպանում: Այստեղ ամեն ինչ սահմանված է պարզ ու հստակ: Եթե հետևենք սահմանված կարգուկանոնին, հրամանատարների ցուցումներին և պարզապես պատասխանատվությամբ կատարենք մեր պարտականությունները, հաջողությունն ապահովված է»,- մեզ հետ զրույցում շեշտում է կրտսեր սերժանտ Ռոբերտ Ավոյանը:

Թե՛ զորամասում, թե՛ դիրքերում տեսնելով մերօրյա հերոսների նվիրված, պատասխանատու և անձնազոհ ծառայությունը, մենք հերթական անգամ համոզվում ենք, որ հերոս տղաների արյամբ գծված հայրենիքի սահմանները հուսալի ձեռքերում են: 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս