
«2018-ին հակամարտող կողմերը շահագրգռված չեն լինելու գնալ զիջումների Ղարաբաղում». Ֆելգենգաուեր

«Պատերազմի ռիկսը մնում է բարձր նաև 2018 թվականին»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերը՝ խոսելով 2018 թվականի սպասելիքներից ԼՂ հակամարտության գոտու վերաբերյալ:
Նա նշեց, որ աշխարհում դժվար տարի է սպասվում, քանի որ սրվում են Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունները: Ֆելգենգաուերի խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անվտանգության այնպիսի կոնցեպտ է առաջ քաշել, որը միայն անկայունություն է խոստանում աշխարհում, Արևմուտքը Ուկրաինային վտանգավոր սպառազինություն է տրամադրում:
Ռուս ռազմական փորձագետի խոսքով՝ կողմերն ակնհայտ ձեռնոց են նետում միմյանց, զսպող լծակները վերանում են: Ըստ նրա՝ Հարավային Կովկասի համար ամենավտանգավոր օջախը Ղարաբաղյան հակամարտությունն է, որի բռնկման հավանականությունը շատ բարձր է, սակայն այն նաև այն միակ թեման է, այն միակ հարթակը, որտեղ Ռուսաստանը և ԱՄՆ-ը համագործակցում են միասնաբար:
«Միջնորդ երկրների համար այս հակամարտությունը մնում է մի թեմա, որը նախընտրելի է, որ չպայթի, քանի որ, նույնիսկ հանուն այս հակամարտության՝ այդ միջնորդները պատրաստ չեն լիովին մի կողմ դնել իրենց հակասությունները և պարտադրել հակամարտության կարգավորում կողմերին, բայց հասկանալով, որ սա միակ հարթակն է, գուցե շարունակեն միջնորդական ջանքերի ակտիվությունը: Իրենք՝ հակամարտող կողմերը ևս, շահագրգռված չէին և շահագրգռված չեն լինելու 2018 թվականին ևս կարգավորել հակամարտությունը, կամ գնալ զիջումների, քանի որ առջևում ընտրությունների տարի է հարավկովկասյան երեք երկրներում:
Այստեղ իշխող էլիտաները պետք է հաստատակամություն և դիվանագիտական հաջողություններ ցուցաբերեն, իրենց կամքը մյուս կողմին թելադրեն: Բայց նույն այդ հանգամանքից ելնելով` կասեմ, որ կողմերին նաև պատերազմական գործողությունները ձեռնտու չեն, բայց պատերազմի ռիսկը մնում է բարձր, քանի որ պատերազմի նախաձեռնությունը միշտ չէ, որ էլիտաների ձեռքում է»,- նման կարծիք հայտնեց Ֆելգենգաուերը: