Բաժիններ՝

Ձմերուկ ու սեխ հավաքելուց հետո վերադարձել են տուն. 13-ամյա երեխային գտել են արնաշաղախ վիճակում. տրակտորի վարորդը դատապարտվել է

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ 31-ամյա տղամարդը մեղավոր է ճանաչվել ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու համար առաջադրված մեղադրանքում:

Դատարանի վճռով՝ նա դատապարտվել է 2 տարվա ազատազրկման՝ առանց տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելու։ Միևնույն ժամանակ դատարանի վճռով՝ նրա նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է 2 տարի ժամկետով փորձաշրջան: Ընտրված խափանման միջոցը` չհեռանալու մասին ստորագրությունը թողնվել է անփոփոխ, մինչև դատավճռի՝ օրինական ուժի մեջ մտնելը:

Դատարանը հաստատված է համարել, որ ամբաստանյալ տղամարդը 2017թ. Արմավիրի մարզի գյուղերից մեկի դաշտամիջյան ճանապարհին, վարելով տրակտորը, որին ամրացված է եղել կցասայլը և խախտելով ՃԵԿ-ի 158-րդ հոդվածի 1-ին կետի պահանջները, 13-ամյա անչափահաս տղային փոխադրել է կցասայլի կցորդիչի վրա նստած, ընթացքի ժամանակ երեխան վայր է ընկել, որի հետևանքով տղամարդը վրաերթի է ենթարկել վերջինիս և անզգուշությամբ պատճառել մահ:

Ըստ դատական ակտի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքում ամբաստանյալն իրեն լիովին մեղավոր է ճանաչել և խոստովանական ցուցմունքներ տվել, որ դեպքի օրն իր եղբոր և համագյուղացի անչափահաս երեխաների հետ միասին իր տրակտորով գնացել են գյուղի իր դաշտ` ձմերուկ ու սեխ հավաքելու: Բերքահավաքի աշխատանքներն ավարտելուց և կցասայլը ձմերուկով ու սեխով բեռնելուց հետո վերադարձել են տուն: Տրակտորը վարել է ինքը, երեխաները նստել են կցասայլի մեջ բեռնված ձմերուկների վրա: Դաշտամիջյան քարքարոտ ճանապարհով շուրջ 10կմ/ արագությամբ մոտ 40-50 մետր երթևեկելուց հետո պատահաբար նկատել է, որ երեխաները կցասայլից իջել ու կանգնել են կցասայլի կցորդիչի վրա: Ինքը նրանց դիտողություն է արել ու դրանից հետո շարունակել է երթևեկել: Մոտ 40 մետր ընթանալուց հետո ինքը «կանգնիր, կանգնիր» բացականչություն է լսել:

Միանգամից տրակտորն արգելակել է ու եղբոր հետ իջնելով վարորդի խցիկից` նկատել են 13-ամյա երեխային կցասայլի առջևի ու հետևի անիվների միջև գետնին ընկած, ամբողջությամբ արնաշաղախ վիճակում: Հասկացել է, որ երեխան կցասայլի վրայից վայր է ընկել ու մնացել դրա անիվի տակ: Ինքը գրկել է երեխային ու դաշտերով վազել դեպի Վանադ գյուղի կենտրոնական ճանապարհ և միաժամանակ զանգահարել այդ ժամանակ դաշտերում գտնվող իր ընկերոջը, որպեսզի վերջինս գնա ու իր ավտոմեքենայով երեխային տեղափոխեն հիվանդանոց: Երեխային տեղափոխել են «Արմավիր» ԲԿ: Վերջինիս առավել անվտանգ հիվանդանոց հասցնելու համար, ինքը զանգահարել է նաև շտապ օգնություն և հանդիպելով շտապ օգնության ավտոմեքենային` երեխային տեղափոխել են այդ ավտոմեքենան և հասցրել «Արմավիր» ԲԿ, որտեղից էլ ինքը կամովին ներկայացել է ոստիկանության բաժին և հատնել կատարվածի մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս