«2018 թվականին Եվրամիությունը մեկ գլխավոր ակնկալիք է ունենալու հայկական կողմից». Ուվե Հալբախ

«Հայաստանի արտաքին քաղաքականության ձեռքբերումը ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումն էր»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց գերմանացի քաղաքական վերլուծաբան Ուվե Հալբախը՝ ամփոփելով Հայաստանի արտաքին քաղաքականությունը 2017 թվականին և նախանշելով Եվրոպայի սպասելիքները Հայաստանից:

Նա նշեց, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը, թեև մի շարք խնդրահարույց կետերի, մի շարք հաջողություններ գրանցեց: Հալբախն ասաց, որ Հայաստանն այս տարի փորձեց տպավորություն ստեղծել, որ «և-և»-ի քաղաքականությունը, որը ստանձնել է հայկական կողմը վերջին տասնամյակում, ճիշտ է:

Ըստ նրա՝ դա Հայաստանն արեց՝ ստորագրելով Եվրամիության հետ համաձայնագիրը: Սա, նրա որակմամբ, կարելի է որակել 2017 թվականի Հայաստանի արտաքին քաղաքական հաղթանակը: Ուվե Հալբախի համոզմամբ՝ 2018թ. Եվրամիությունը, բնականաբար, ակնկալելու է այս համաձայնագրի վավերացում:

«Ինչպես պարզ դարձավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցից, հայկական կողմն ակնկալում է վիզային բանակցությունների մեկնարկ հաջորդ տարի, առանց համապատասխան ազդանշանների և ուղերձների նման վիզային երկխոսություն ԵՄ-ն չի սկսի, ուստի առաջնահերթությունը ԵՄ-ի համար այս համաձայնագրի կատարումն է, դա առավել կարևոր է, քան վիզային երկխոսությունը, քանի որ այդ հարցում ԵՄ-ն դեռ մեծ հույսեր չի կարող տալ Երևանին, այստեղ բարդությունները շատ են»,- նման տեսակետ հայտնեց Ուվե Հալբախը:

Նրա կարծիքով` Հայաստանի արտաքին քաղաքական ձեռքբերումներից էր նաև ՀԱՊԿ-ում Հայաստանի քարտուղարության արդյունավետ կիրառումը:

«ՀԱՊԿ-ն առաջին անգամ ԼՂ հակամարտության կարգավորման հարցի վերաբերյալ հայտարարություն տարածեց, ինչը հայկական կողմի ջանքերի արդյունքն էր»,- նկատեց գերմանացի քաղաքագետը:

Նրա կարծիքով՝ Ղարաբաղյան հարցում էական բեկումներ, ինչպես և ակնկալվում էր, տեղի չունեցան 2017թ.: «Որևէ բան չի փոխվել, և 2018 թվականին էլ, կարծում եմ, չի փոխվելու: Ղարաբաղյան հակամարտությունը բարդ է կարգավորել ներկայումս, քանի որ կողմերը դրան պատրաստ չեն: Ամենակարևոր հանգամանքը դա է: Կողմերի համապատասխան ցանկության դեպքում արտաքին դերակատարների ազդեցությունը չափազանց փոքր կլինի»,- ասաց Ուվե Հալբախը:

Տեսանյութեր

Լրահոս