«Սա ամենաանցանկալի մոտեցումն էր, որ կարող էր լինել». Վահե Էնֆիաջյան
«Տարին բազմաբովանդակ զարգացումներով լի էր, մեր երկրի քաղաքացիների կողմից քաղաքական առումով ընտրությունների փոփոխությունների մեծ սպասումներ կար, և քաղաքական այս ընտրություններով պայմանավորված զարգացումներով էր, ըստ էության, լի ամբողջ ձմեռվա և աշնանային այս ժամանակահատվածը։ Տարվա ընթացքում մեծ ակնկալիքներ կար՝ ՀՀ-ԵՄ պայմանագրի կնքման և զարգացումների հետ կապված, որն ըստ էության այդ նոր ձևաչափով իրականություն է դարձել, իսկ թե ինչպես կկարողանանք կիրառել պետական մակարդակով և մեր քաղաքացիների մակարդակով, դա ժամանակը ցույց կտա։
Բայց, այնուամենայնիվ, ամենաանցանկալի դրսևորումները պետք է արձանագրենք տարվա ավարտին, որ ունենք սոցիալ-տնտեսական վատ ցուցանիշներ, մասնավորապես՝ այսօրվա դրությամբ էլ Ամանորին ընդառաջ՝ բոլոր քաղաքացիներն առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճն են տեսնում, արձանագրում և ականատեսն են դառնում։ Սա ամենաանցանկալի մոտեցումն էր, որ կարող էր լինել»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը՝ ամփոփելով անցնող 2017 թվականը։
Ըստ նրա՝ 2018 թ. բյուջեն այսօր արդեն ընդունված է քաղաքական մեծամասնության կողմից. «Եվ 2018 թ. պետք է արձանագրել, որ աշխատավարձերի տեսքով ավելացումներ նախատեսված չեն, սոցիալական, տնտեսական, կենցաղային առումով շրջադարձային այդքան երկար սպասված փոփոխություններն ամփոփված չեն»։