«2017 թվականին Մոսկվան հետևեց Երևանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացմանը». Տարասով

«Տարին Ռուսաստանի արտաքին քաղաքականության համար արձանագրվեց և հաղթանակով, և հիասթափությամբ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով 2017 թվականին աշխարհում տեղի ունեցած զարգացումներին ու ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին:

Նրա դիտարկմամբ՝ 2017թ. նշանավորվեց Մերձավոր Արևելքում ռուսական քաղաքականության հաջողությամբ, ԱՄՆ-ՌԴ, Եվրոպա-ՌԴ առճակատման խորացմամբ և հետսովետական տարածքում ստատուս-քվոյի պահպանմամբ, որի ազդեցությունն իր վրա կրում է նաև ԼՂ հակամարտության գոտին:

«Եթե խոսենք Ռուսաստանի արտաքին քաղաքականության մասին, ապա եղան և՛ հաջողություններ, և՛ հիասթափություններ: Ակնհայտ հաջողությունը Սիրիայում ռուսական օպերացիայի հիմնական ֆազայի ավարտն էր: Չնայած մի շարք կանխատեսումներին, թե Ռուսաստանն այնտեղ կտապալվի՝ դա տեղի չունեցավ: Ավելին, Ռուսաստանին հաջողվեց օպերացիային զուգահեռ՝ լավ քաղաքականություն վարել, կոալիցիա կազմել Իրանի և Թուրքիայի հետ՝ գործակցելով Սաուդիան Արաբիայի և Հորդանանի, Եգիպտոսի և Իսրայելի հետ: Ռուսաստանը սրանով դարձավ տարածաշրջանային գերտերություն:

Ինչ վերաբերում է հիասթափություններին, ապա Ռուսաստանը մեծ սպասումներ ուներ նորընտիր Թրամփից, ով, ըստ ռուսական կարծիքի, պետք է ավարտեր ՌԴ-ԱՄՆ առճակատման դառը էջը, սակայն դա տեղի չունեցավ: Այսօր կանխատեսումները շատ ավելի մռայլ են. այդ հարաբերությունները խոստանում են էլ ավելի վատթարանալ: Հիասթափություններից էր Ֆրանսիայի ընտրությունների ելքը, ոչ թե Ֆիյոնի, այլ Մակրոնի հաղթանակը, ինչը ևս մեկ քայլ ետ գցեց Ռուսաստան-Եվրոպա հարաբերությունները: Այսինքն` Ռուսաստանին չհաջողվեց ՌԴ-ԱՄՆ վատ հարաբերությունները կոմպենսացնել ՌԴ-Եվրոպա լավ հարաբերություններով, քանի որ Դոնբասի կոնֆլիկտը շարունակվեց նաև այս տարի, կողմերին չհաջողվեց հրադադար ձևավորել»,- ասաց Տարասովը:

Անդրադառնալով Ռուսաստանի հետսովետական քաղաքականությանը՝ ռուս քաղաքագետը նշեց, որ այստեղ դրամատիկ փոփոխություններ տեղի չեն ունեցել: Ըստ նրա՝ շարունակել է գործել ԵՏՄ-ն, ՀԱՊԿ-ը, որոնք այդպես էլ ոչ մի բանով աչքի չընկան այս տարի:

Երկկողմ հարաբերություններում, Տարասովի խոսքով, Մոսկվան հանգիստ հետևեց, թե ինչպես են Երևանը և Մինսկը դիվերսիֆիկացնում իրենց արտաքին քաղաքականությունը:

«Հայաստանն այս տարի Եվրամիության հետ նոր համաձայնագիր ստորագրեց, որը Մոսկվան հանգիստ ընդունեց, ինչպես Ղազախստանի դեպքում»,- ասաց Տարասովը:

Խոսելով ԼՂ հակամարտության գոտում տեղի ունեցած զարգացումներից` ռուս քաղաքագետն ասաց, որ այստեղ էական փոփոխություններ չեն եղել:

«Էականն այն էր, որ տարվա սկզբում Ադրբեջանին հաջողվեց չեզոքություն մտցնել կարգավորման բանակցություններում՝ դրանցից դուրս մղելով Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի հանդիպումների համաձայնությունները, սակայն ամերիկյան կողմի նոր համանախագահը, ապա՝ ԱՄՆ պետքարտուղարը, իսկ տարվա վերջին՝ բոլոր համանախագահները խոսեցին այդ համաձայնությունների մասին, որոնք էական են բանակցային գործընթացը շարունակել;ու համար նաև մյուս տարի արդյունավետ կերպով»,- մեկնաբանեց Ստանիսլավ Տարասովը:

Նա հույս հայտնեց, որ նախարարական հանդիպումը, որը պետք է կայանա հունվար ամսին, արդյունավետ կլինի այս համաձայնությունների իրագործման ճանապարհին:

Տեսանյութեր

Լրահոս