Չինացի գիտնականներն անօգուտ են համարել D վիտամինի հավելումները

Չինացի գիտնականները ցույց են տվել, որ կալցիում եւ (կամ) D վիտամին պարունակող հավելումների օգտագործումը տարեց մարդկանց չի պաշտպանում ազդրի կամ մյուս ոսկորների կոտրվածքներից: Ուսումնասիրությունը հրապարակված է JAMA հանդեսում: Այդ մասին հայտնել է EurekAlert!-ը:

Մասնագետներն անցկացրել են 33 աշխատությունների մետաանալիզ, որոնք նվիրված են կալցիում եւ (կամ) վիտամին D պարունակող հավելումների ազդեցությանը տարեց մարդկանց ոսկրային համակարգի վիճակի վրա: Ուսումնասիրված տվյալները վերաբերում էին 50-ից բարձր տարիքի 51 հազար 145 մեծահասակների, որոնք ապրում էին իրենց ընտանիքներում, այլ ոչ թե մասնագիտացված ինտերնատներում, մասնավորապես, ծերանոցներում:

«Հավելումների օգտագործումը կապված չէ նոր կոտրվածքների հայտնվելու ռիսկի նվազեցման հետ՝ անկախ դեղաքանակից, պացիենտի սեռից, կոտրվածքի առաջացման պատմությունից, սննդաբաժնում կալցիումի պարունակությունից կամ արյան մեջ D վիտամինի սկզբնական կոնցենտրացիայից»,-եզրակացնում են հեղինակները: D վիտամինն առաջատար դեր է խաղում կալցիումի ներծծման գործընթացի կարգավորման եւ ոսկրային հյուսվածքի աճի խթանման գործում:

Դրա արդյունավետությունն ապացուցված է կաթնագեղձի, հաստի աղիի եւ շագանակագեղձի քաղցկեղի, ինչպես նաեւ ճարպակալման, սրտի հիվանդությունների եւ դեպրեսիայի կանխարգելման համար: Ավելի վաղ բրիտանացի գիտնականները ցույց են տվել, որ D վիտամինի տարբեր ձեւերը տարբեր կերպ են յուրացվում օրգանիզմի կողմից, իսկ ամերիկացի մասնագետները պարզել են, որ հասուն տարիքում կաթի օգտագործումն ավելի լավ է համատեղել D վիտամինի ընդունման հետ:

Տեսանյութեր

Լրահոս