Բաժիններ՝

Բժիշկ Մաթեւոսյանը գիշերվա ծանր հերթապահությունից հետո պատրաստվում էր գնալ հանգստանալու, սակայն հիվանդանոց բերեցին 30-ամյա արյունահոսող հղի կնոջ

Բժիշկ Վաչիկ Մաթեւոսյանը գիշերվա ծանր հերթապահությունից հետո պատրաստվում էր գնալ հանգստանալու, սակայն հիվանդանոց բերեցին 30-ամյա արյունահոսող հղի կնոջ: Մաթեւոսյանը ողջ անձնակազմի հետ սկսեց պայքարել հիվանդի կյանքի համար: Այդ ընթացքում նրա որդին՝ ստոմատոլոգ Դավիթ Մաթեւոսյանը, Երեւանի արյան փոխներարկման ինստիտուտից արյուն էր մատակարարում Վեդու ծննդատուն:

Առաջնորդվելով «մի խելքը լավ է, երկուսն՝ ավելի լավ» կարգախոսով՝ Վաչիկ Մաթեւոսյանը խորհրդակցեց մի քանի անվանի գինեկոլոգների հետ: Բժիշկը բոլոր միջոցներով ջանում էր փրկել հիվանդի կյանքը, ինչն այդ պահին անհնարին էր թվում:
12 ժամ տեւած վիրահատությունը ժամը 20:00-ին ավարտվեց Վաչիկ Մաթեւոսյանի եւ ողջ անձնակազմի հաղթանակով. նրանք փրկեցն երիտասարդ կնոջ կյանքը: Պտղին, ավաղ, չհաջողվեց փրկել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, երիտասարդ կինն այժմ՝ դեպքից ամիսներ անց, նորից սպասում է մայրանալու: Նա շուտով կվայելի մայրության բերկրանքը:

…Ամենակարեւորն այն չէ, թե հիվանդանոցը որքանով է զինված արդիական տեխնիկական սարքավորումներով: Ամենից կարեւորը բժշկի մասնագիտական կարողություններն են, պատրաստակամությունը, հոգատարությունը, անհնարին թվացող իրավիճակում արագ կողմնորոշվելը, ինչը շատ հատուկ է «Վեդու ծննդատուն» ՓԲԸ տնօրեն Վաչիկ Մաթեւոսյանին եւ հիվանդանոցի բժշկական անձնակազմին: Բժիշկներ, որոնք իրենց գործին նվիրվել են հոգով, սրտով, էությամբ:
Մաթեւոսյանը զրույցում նշեց, որ երբ ինքը նորածնի կամ հիվանդի կյանք է փրկում, որքան էլ հոգնած լինի, ինքն իրեն այդ օրը համարում է աշխարհի ամենաերջանիկ մարդը: «Իսկ այդ վիրահատության ողջ ընթացքում ես մտածում էի, որ վիրահատական սեղանին պառկած է ոչ թե անծանոթ կին, այլ իմ հարազատը, որի կյանքի համար ես պետք է պայքարեմ և հաղթեմ ինչ գնով էլ լինի»,-ընդգծեց նա:

Լիլիթ Մաճկալյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս