«2017թ. Հայաստան-Վրաստան հարաբերությունների գլխավոր զարգացումը ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումն էր». վրացի փորձագետ

«2017 թվականին պահպանվեց հայ-վրացական հարաբերությունների դրական մթնոլորտը »,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Վրաստանի Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար, վրացի քաղաքական վերլուծաբան Կախա Գոգոլաշվիլին՝ անդրադառնալով հայ-վրացական հարաբերություններին 2017 թվականին:

Կախա Գոգոլաշվիլիի գնահատմամբ՝ 2017 թվականին պահպանվեց հայ-վրացական հարաբերությունների դրական մթնոլորտը: Ըստ նրա, դրա ապացույցը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի  օրերս կատարած այցն էր Վրաստան, որի ընթացքում  նախագահները վերահաստատեցին, որ համագործակցությունը բարձր մակարդակի վրա է: Գոգոլաշվիլիի կարծիքով, կարևոր էր արձանագրումն այն մասին, որ կողմերը հարգում են միմյանց դիրքորոշումները նուրբ հարցերի շուրջ:

«Վրաստանի համար նուրբ թեմա է օկուպացված տարածքների հարցը, իսկ Հայաստանի համար` Ղարաբաղյան հարցը: Կողմերը փորձում են չվնասել այս նուրբ հարցերը,  Հայաստանին և Վրաստանին դա միշտ հաջողվում է: Այս տարի կայացավ Հայաստանի վարչապետի այցը Վրաստան, ապա նախատեսվում էր Վրաստանի վարչապխետի այցը, որը հետաձգվեց Կառավարությունում նախատեսվող փոփոխություններով, կարծում եմ՝ այդ այցը տեղի կունենա հաջող տարի: Բոլոր բարձրաստիճան հանդիպումների ժամանակ քննարկվել է Վերին Լարսի անցակետի այլընտրանքի հարցը, բայց դա ցավոտ թեմա է վրաց հասարակության համար, չեմ կարծում, որ այդ  հարցը մոտ ապագայում  դրական լուծում ստանա՝ հատկապես այն առաջարկի համաձայն, որով Վրաստանի վարչապետը հանդես եկավ»,- ասաց  Գոգոլաշվիլին:

Վերջինիս պնդմամբ, 2017-ի ձեռքբերումը երկու երկրների համար Հայաստանի ստորագրած Համապարփակ և ընդլայնված  գործընկերության համաձայնագրի ստորագրումն էր, քանի որ Վրաստանի համար մեծ անհանգստություն էր այն, որ Հայաստանը հրաժարվել էր ասոցիացվել Եվրամիությանը:

«Սա, բացի այն, որ Հայաստանի զարգացման հեռանկար է տրամադրում, այլև հեռանկար է Վրաստանի և Հայաստանի համար, հեռանկար է Արևելյան գործընկերություն ծրագրի, տարածաշրջանի համար, քանի որ Վրաստանը և Հայաստանը համակարգերով կմոտենան, կմոտենան ԵՄ-ին, տնտեսությունները կզարգանան: Սա երկկողմ հարաբերությունների ամենալավ նորությունն էր այս տարի: Հաջորդ տարի, հուսով ենք, կզգանք  այս համաձայնագրից ակնկալիքների առարկայացումը»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս