Չինաստանում բացել են ավելի քան 1 կիլոմետր երկարությամբ առաջին ֆոտոէլեկտրական ճանապարհը
Չինաստանի Ցզինան քաղաքում (Շանդունի նահանգի վարչական կենտրոն, Արեւելյան Չինաստան) բացվել է մայրուղու՝ ֆոտոէլեկտրական պանելներով 1,12 կիլոմետր երկարությամբ հատվածն ավտոմոբիլների համար: Դեկտեմբերի 29-ին այս մասին հայտնել է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը։
Ճշտված տվյալներով՝ ֆոտոէլեկտրական պատվածքի մակերեսը հասնում է 5875 քառակուսի մետրի: Նախագծի կազմակերպիչների հաշվարկների համաձայն՝ մարուղու այդ հատվածի բարձրակետային հզորությունը կկազմի 817,2 կիլովատ, ինչը թույլ կտա տարեկան արտադրել շուրջ 1 միլիոն կիլովատ-ժամ էլեկտրաէներգիա:
Ինչպես պնդում են մշակողները, այդ էներգիայի հաղորդումը ցանցին թույլ կտա առնվազն 100 յուան վաստակել պատվածքի յուրաքանչյուր քառակուսի մետրից: Նախագծի կազմակերպիչների տվյալներով՝ տնտեսական տեսակետից արեւային պանելները չեն զիջում սովորական բետոնին ու ասֆալտին: Դրանք կարող են դիմանալ ամեն տեսակի տրանսպորտի երթեւեկությանը, իսկ դրանց ծառայության ժամկետը կազմում է 20 տարի:
ՖոտոԷլեկտրական պանելներով առաջին ավտոմայրուղին կառուցվել է Ֆրանսիայում. դրա երկարությունը կազմել է 1 կիլոմետր, հաղորդել է ՏԱՍՍ-ը: