ՉԺՀ-ի նախագահը պահանջել է 2018 թվականին ապահովել կայունությունն ու առաջ մղել բարեփոխումները
ՉԺՀ-ի նախագահ, Չինաստանի Կոմկուսի կենտկոմի գլխավոր քարտուղար Սի Ցզինպինը՝ դեկտեմբերի 29-ին ելույթ ունենալով Չինաստանի Ժողովրդական քաղաքական կոնսուլտատիվ խորհրդի համաչինական կոմիտեի՝ ՉԺՀ-ի քաղաքական համակարգի գլխավոր խորհրդակցական մարմնի անդամների հետ կայացած ամանորյա թեյախմության ժամանակ, պահանջել է 2018 թվականին ապահովել կայունություն, առաջ մղել բարեփոխումները, կանխել ռիսկերը։
Նրա հետ միասին, ինչպես հայտնել է Չինաստանի հեռուստատեսությունը, միջոցառմանը մասնակցել են ՉԺՀ-ի Պետխորհրդի վարչապետ Լի Կեցյանը եւ երկրի բարձրագույն ղեկավարության այլ անդամներ:
«2018 թվականին մենք պետք է համակողմանիորեն կենսագործենք Չինաստանի կոմկուսի 19-րդ համագումարի ոգին, որպես ուղեցույց ունենալով չինական յուրահատկությամբ սոցիալիզմի նոր դարաշրջանի մասին գաղափարները, հաստատակամորեն առաջնորդվելով «ձգտել առաջընթացի կայունության պայմաններում» կարգախոսով՝ որպես աշխատանքի լեյտմոտիվով, միասնական պլանավորման հիման վրա ապահովելով կայուն աճը, խթանելով բարեփոխումները, վերակազմակերպելով կառույցները, բարելավելով ժողովրդի կյանքը, կանխելով ռիսկերն աշխատանքի բոլոր ուղղություններով, խթանելով սոցիալ-տնտեսական ոլորտի հետագա առողջ զարգացումը»,-ասել է Սի Ցզինպինը:
«Մենք պետք է իրական բարենորոգչական գործերով դիմավորենք բարեփոխումների եւ արտաքին բացահայտության քաղաքականության 40-ամյակը՝ շարունակելով համարձակորեն շարժվել բարեփոխումների եւ արտաքին բացահայտության մեծ ճանապարհով»,-հորդորել Է Չինաստանի ղեկավարը: Նա ընդգծել է «մեկ երկիր-երկու համակարգ» եւ «հոնկոնգցիներն են կառավարում Հոնկոնգը», «Մակաոյի բնակիչներն են կառավարում Մակաոն» քաղաքականության, ինչպես նաեւ այդ տարածքների ինքնակառավարման քաղաքականության շարունակման կարեւորությունը: Տայվանի կապակցությամբ Սի Ցզինպինը անհրաժեշտ է համարել հակազդել երկրի պառակտման բոլոր փորձերին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: