ԱՄՆ-ն վերականգնել է մուտքի արտոնագրերի տրամադրումը Թուրքիայում
Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը հայտարարություն է տարածել այն մասին, որ ԱՄՆ-ն վերականգնում է մուտքի արտոնագրերի տրամադրումը Թուրքիային: Այս մասին հայտնում է պետդեպի պաշտոնական կայքը:
«Պետդեպարտամենտը վստահ է, որ անվտանգության հետ կապված իրադրությունը զգալիորեն բարելավվել է, որպեսզի ամբողջությամբ վերականգնվեն Թուրքիայում վիզային ծառայությունները: Այդուհանդերձ, մենք շարունակում ենք լուրջ մտահոգություններ ունենալ Թուրքիայում մեր առաքելության տեղացի աշխատակիցների դեմ առկա մեղադրանքների առնչությամբ: Մենք մտահոգված ենք նաև ԱՄՆ քաղաքացիների դեմ առկա դատական գործերի փաստով, ովքեր ձերբակալվել են երկրում հայտարարված արտակարգ դրության պայմաններում»,- ասվում է պետդեպի հայտարարության մեջ:
Միացյալ Նահանգների պետդեպարտամենտից տեղեկացրել են, որ իրենք շարունակելու են կապի մեջ մնալ թուրք պաշտոնյաների հետ՝ վերոնշյալ դեպքերին սպառիչ լուծումներ տալու նպատակով:
ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև հարաբերությունները լարվել էին այն բանից հետո, ինչ թուրքական իշխանությունները որոշում էին կայացրել ձերբակալել Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսության աշխատակցին: Դրանից հետո ամերիկյան կողմը հայտարարել էր վիզային գործընթացները սահմանափակելու մասին: Նման քայլով էր պատասխանել նաև թուրքական կողմը: