Բաժիններ՝

Նյու Յորքում սպանությունների ռեկորդային ցածր մակարդակ է գրանցվել. The New York Times

Նյու Յորքում 2017 թվականին սպանությունների ռեկորդային ցածր մակարդակ է գրանցվել վերջին ավելի քան հինգ տասնամյակի ընթացքում: Ինչպես նշում է The New York Times թերթը, վկայակոչելով քաղաքի ոստիկանության վարչության՝ իր տրամադրության տակ եղած վիճակագրությունը, ընթացիկ տարում դեկտեմբերի վերջի դրությամբ Նյու Յորքում տեղի է ունեցել սպանության 285 դեպք: Անցյալ տարվա համեմատությամբ, երբ ԱՄՆ-ի մոտավորապես 8,5 մլն բնակչությամբ ամենախոշոր մեգապոլիսում 325 նմանօրինակ քրեական պատահար էր արձանագրվել, այդ ցուցանիշը նվազել է 12,5 տոկոսով։

Սա ամենացածր ցուցանիշն է 1963 թվականին Նյու Յորքի ոստիկանության կողմից նման վիճակագրությամբ զբաղվելու պահից ի վեր: Ընդ որում, այս տարվա ընթացքում հարձակումների, կողոպուտների եւ ավտոմեքենաների առեւանգման թիվը նույնպես նվազել է միջինը 10 տոկոսով, ինչի մասին վկայում են իրավապահ մարմինների տվյալները:

Քաղաքի ոստիկանապետ Ջեյմս Օ՛ Նիլը քրեական վիճակագրության բարելավումը կապում է 2015 թվականին ընդունված ռազմավարության գրագետ իրագործման հետ, որի շրջանակներում կարգի պահապաններին հանձնարարված է ավելի վստահելի հարաբերություններ հաստատել այն շրջանների բնակիչների հետ, որոնց համար նրանք պատասխանատու են:

«Ոչ ոք ավելի լավ չգիտե, թե ինչ է տեղի ունենում շրջանում, քան այն մարդիկ, որոնք ապրում եւ աշխատում են այնտեղ»,- նշել է նա, հավելելով, որ նման ռազմավարությունն իր պտուղներն են բերում: Օ՛Նիլի խոսքով՝ ոստիկանական վարչությունը մտադիր է հետագայում էլ իրավակարգի պահապաններին «հնարավորություն եւ ժամանակ տալ քաղաքի սովորական բնակիչների հետ շփվելու, նրանց հետ հարաբերություններ հաստատելու համար, որպեսզի նրանք համատեղ աշխատանքով ճշտեն խնդիրները եւ դրանց լուծում գտնեն»:

Բացի այդ, քաղաքային ոստիկանությունը վերջին տարիներին նկատելիորեն ակտիվացրել է պայքարը փողոցային հանցագործությունների դեմ, ինչը նույնպես դրականորեն է ազդել կրիմինալի մակարդակի իջեցման վրա:

Նյու Յորքում սպանությունների դեպքերի թվաքանակի ռեկորդային ցուցանիշներ են արձանագրվել 1990-ական թվականների կեսին: Այն ժամանակ քաղաքում բռնությունների հետեւանքով տարեկան զոհվում էր շուրջ 2 հազար մարդ, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս