40-անց կանայք չպետք է ուտեն այս մթերքները
Տարիքի հետ ցանկացած օրգանիզմ փոփոխության է ենթարկվում, ինչն արտահայտվում է ոչ միայն արտաքինի, այլև ներքին օրգանների վրա։ Lady-journal.info-ն գրում է, որ 40 տարեկանից հետո հորմոնալ ֆոնը փոխվում է, ինչը հանգեցնում է բոլոր համակարգերի փոփոխության, այդ թվում՝ նյութափոխանակության։ Յուղոտ, ալյուրով պատրաստված, կծու մթերքի մշակումն օրգանիզմի համար ավելի դժվար է դառնում։
Նյութափոխանակության վատացման հետևանքով կանայք սկսում են ավելորդ կիլոգրամներ կուտակել։ Կայքը ներկայացրել է, թե ինչ սկզբունքով է հարկավոր սնվել 40 տարեկանից հետո։
Միսը բավական դժվար է յուրացվում, սակայն սպիտակուցներն օրգանիզմին անհրաժեշտ են ցանկացած տարիքում։ Փորձեք նվազեցնել մսի օգտագործումը, այն փոխարինեք բուսական ծագման սպիտակուցներով։ Ուշադրություն դարձրեք սնկին, կաթնաշոռին, պանրին։ Նախապատվություն տվեք հավի և հնդկահավի մսերին։ Մի անտեսեք յուղոտ ձուկը, այն հարուստ է օմեգա-3 ճարպաթթուներով, որը լավացնում է մազերի և մաշկի վիճակը։ Դրանք ապահովում են նաև անոթների առողջությունը, լավացնում հիշողությունը։
Բջջանյութով հարուստ մթերք օգտագործեք։ Բջջանյութով հարուստ են մրգերն ու հատիկավորները։ Շատ օգտակար է քունջութը, որը կարող է օգնել հորմոնալ փոփոխությունների շրջանում։
Առաջին հերթին՝ հարկավոր է սննդակարգից բացառել գազավորված ըմպելիքը, թխվածքը, ալյուրից պատրաստված մթերքը, արագ սնունդը։ Հարկավոր է սահմանափակել նաև ալկոհոլի օգտագործումը։
Եթե այս մթերքից հրաժարվելը դժվար է, սկսեք աստիճանաբար։ Քաղցրավենիքն ու թխվածքը փոխարինեք մրգերով, սև շոկոլադով։ Մի մոռացեք օրվա ընթացքում անհրաժեշտ քանակով ջուր խմել, ինչը կօգնի արագացնել նյութափոխանակությունը։
Կերեք յուրաքանչյուր 2-3 ժամը մեկ անգամ՝ փոքր բաժիններով։ Այս դեպքում չեք հասցնի ուժեղ քաղց զգալ, նյութափոխանակությունը կարագանա։ Սկզբնական շրջանում ձեզ համար կարող է տհաճ լինել, քանի որ սովոր եք ամբողջ օրվա ընթացքում քաղցած մնալ և ուտել միայն երեկոյան ժամերին։ Որոշ ժամանակ անց արդեն օրգանիզմը կսովորի այս ռիթմին։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը